ՀՀ ֆինանսների նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որով փորձ կարվի Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) վարկանիշում Հայաստանի Հանրապետության դիրքը բարելավել։
Ներկայումս Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը 2018. բարեփոխումների իրականացում աշխատատեղերի ստեղծման համար» զեկույցի համաձայն` նախորդ տարվա համեմատ Հայաստանը հետընթաց է գրանցել 9 կետով՝ 190 երկրների շարքում զբաղեցնելով 47-րդ տեղը:
Զգալի անկում է նկատվել վարկերի ստացման ոլորտում (Getting Credit), որում Հայաստանը զբաղեցնում է 42-րդ տեղը՝ նախորդ տարվա 20-րդ տեղի համեմատ: Վարկերի ստացման ոլորտի գնահատման հիմքում ընկած 20 չափանիշներից Հայաստանը բավարարում է 14-ին, իսկ սահմանագծից հեռավորության ցուցանիշը (հնարավոր 20 միավորի մեջ կազմող տոկոսը) կազմում է 70%:
Վարկանիշի որոշման հիմքում ընկած չափանիշների ուսումնասիրության արդյունքում վերհանվել է գրավառուի իրավունքներին առնչվող մի շարք հարաբերությունների վերանայման անհրաժեշտություն, մասնավորապես.
- առանձին ակտիվների խմբի նկատմամբ ապահովություն տրամադրելու հնարավորությունը,
- ապահովված իրավունքի առարկայի նկարագրությունը,
- գույքի օգտագործման արդյունքում ստացված ակտիվների վրա ապահովված իրավունքի տարածումը:
Նախագծով ամրագրված դրույթների համաձայն՝
- սահմանվում են գրավի հնարավոր առարկա հանդիսացող գույքի տեսակները.
- վերանում է ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրության պահանջը՝ բավարար համարելով այդ առարկայի նույնացման համար ընդհանուր նկարագրությունը.
- գրավի իրավունքը տարածվում է նաև գույքի օգտագործման արդյունքում ստացված ակտիվների վրա՝ անկախ պայմանագրում նախատեսված լինելու հանգամանքից:
Փոփոխությունների արդյունքում Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի «վարկերի ստացում» ցուցիչի մասով Հայաստանը կստանա 3 լրացուցիչ միավոր՝ սահմանագծից հեռավորության ցուցանիշը կրճատելով 15%-ով:
Նախագծի ընդունումը թույլ կտա ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների արդյունավետությունը և շարունակականությունը, իսկ այս ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը կհանգեցնի Doing Business վարկանիշում Հայաստանի դիրքերի կայուն բարելավմանը: