Կազմվել է Հայաստանի ճանապարհային ռազմավարությունը

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության ճանապարհային ռազմավարությունը հաստատելու մասին» նախագիծ է ներկայցրել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։

Նախագծում նշվում է, որ ներկայումս առաջնային է ներդրումների իրականացումը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներում: Համագործակցելով միջազգային ֆինանսական հաստատությունների հետ, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, աշխատանքներ են տարվում ՀՀ ճանապարհային ենթակառուցվածքների պահպանման, կատարելագործման և հետագա  զարգացման համար: Ներկայումս հասունացել է ամբողջական միասնական համակարգի ձևավորման անհրաժեշտությունը, որով բնորոշվում են ոլորտի պետական հսկողության զարգացման, տեխնիկական կարգավորման և նոր տեխնոլոգիաների շուկայի զարգացման կանոնները՝ որպես միասնական ծրագրային համալիրի բաղկացուցիչ մասեր։

Ռազմավարության հիմնական նպատակը՝ ընդհանուր գնահատականներով՝ նվազագույն առկա ծախսումներով (ՀՀ պետական բյուջեից և արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ներդրումներով) ճանապարհների բարելավման առավելագույն արդյունքի ստացումն է, որի համար անհրաժեշտ է նախ գնահատել ճանապարհային ցանցի առկա իրավիճակը, վերջին տարիների զարգացման միտումները և ներդրումների ծավալները: Ռազմավարությունն ուղղված է 2018-2023թթ ճանապարհային ոլորտի զարգացմանը:

Ռազմավարության մեջ առկա հիմնախնդիրներ են `

  • ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման մեջ առկա կառուցվածքային և տարածքային անհամապատասխանությունները
  • տրանսպորտային ծառայությունների ոչ բավարար հասանելիությունը բնակչության լայն խավերի համար
  • տրանսպորտային ծառայությունների և տրանսպորտային անվտանգության ոչ բավարար որակը
  • ճանապարհացանցի զարգացման համար բավարար ֆինանսական ռեսուրսների առկայությունը
  • բնակլիմայական ռիսկերը, աշխարհաքաղաքական դիրքով պայմանավորված արտաքին քաղաքական ռիսկերը:

Երկարաժամկետ հեռանկարում ճանապարհային ոլորտում նախատեսվում է մեկ կարևոր հիմնական նորամուծություն՝ ճանապարհային ոլորտում ինտելեկտուալ տրանսպորտային համակարգի (ԻՏՀ) ներդրում։

Ինտելեկտուալ տրանսպորտային համակարգը` ամբողջական միասնական տեխնիկական և տեխնոլոգիական համալիր է, որն իր մեջ միավորում է ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման ենթահամակարգերն ու դրանց զարգացման մեխանիզմները, ինչպես նաև երթևեկության մասնակիցներին և տրանսպորտային գործընթացի պոտենցիալ սուբյեկտներին անհրաժեշտ տեղեկատվական ծառայությունների մատուցումը.

Ռազմավարության ամբողջական ծրագրին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել