Դատապարտյալներին ներում շնորհելու հարցերով կզբաղվի նոր վարչապետը

«Ներման մասին» նոր  օրինագիծը կքննարկվի փետրվարի 6-ին մեկնարկելիք Ազգային ժողովի նիստից հետո՝ կառավարության կողմից գումարված ԱԺ արտահերթ նիստի ընթացքում։

«Ներման մասին» նոր օրենքը կարգավորում է դատապարտյալների ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները:

Ըստ օրինագծի, ներման խնդրագիր կարող է ներկայացնել բացառապես դատապարտված անձը կամ նրա փաստաբանն ու հարազատները։ Գործելու է Ներման հարցերի քննարկման հանձնաժողով, իսկ ներման խնդրագրերն անցնելու են վարչապետի ձեռքի տակով։

Ներման խնդրագրի քննարկման նպատակով արդարադատության նախարարությունը ներման խնդրագրի ստացման օրվանից մեկամսյա ժամկետում ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ կազմում է անձնական գործ և ներկայացնում վարչապետին: Անձնական գործն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում վարչապետն այն ուղարկում է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով՝ ներման խնդրագրի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:

Բացառիկ դեպքերում վարչապետը ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը Հայաստանի Հանրապետության նախագահին (այսուհետ՝ Հանրապետության նախագահ) կարող է ներկայացնել առանց հարցը Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու:

Հանձնաժողովը ներման խնդրագիրը ստանալուց հետո քսանօրյա ժամկետում վարչապետին ներկայացնում է եզրակացություն՝ ներման խնդրագրի վերաբերյալ: Հանձնաժողովի՝ ներման խնդրագրի վերաբերյալ ներկայացված եզրակացությունը խորհրդատվական բնույթ ունի:

Վարչապետը հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո ոչ ուշ, քան տասնհինգօրյա ժամկետում նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին նախագահի հրամանագրի նախագիծը, անձնական գործը և հանձնաժողովի եզրակացությունը (առկայության դեպքում):

Հանրապետության Նախագահի քննարկմանը ներկայացվող անհրաժեշտ նյութերը նախապատրաստում, ինչպես նաև Հանձնաժողովի քարտուղարությունն իրականացնում է արդարադատության նախարարությունը։

Ներման հարցերի քննարկման հանձնաժողովը ստեղծվում և հանձնաժողովի աշխատակարգը հաստատվում է վարչապետի որոշմամբ: Վարչապետի կողմից ներում շնորհելու կամ մերժելու առաջարկությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում նախագահը ստորագրում է ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը կամ իր առարկություններով այն վերադարձնում վարչապետին:

Եթե  նախագահը հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնում է վարչապետին, և վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում նախագահի առարկությունը և հրամանագրի նախագիծը կրկին ներկայացնում  նախագահին, ապա նախագահը եռօրյա ժամկետում հրապարակում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

Եթե նախագահը հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնում է վարչապետին, և վարչապետն ընդունում է  նախագահի առարկությունը, ապա վարչապետը  նախագահի առարկության ստացման պահից հնգօրյա ժամկետում առարկությանը համապատասխան խմբագրում է հրամանագրի նախագիծը և այն ներկայացնում նախագահին:

Եթե  նախագահը ներում շնորհելու կամ մերժելու առաջարկությունը եռօրյա ժամկետում չի վերադարձնում իր առարկություններով, կամ վարչապետի կողմից  նախագահի առարկությունները չընդունվելու դեպքում չի դիմում Սահմանադրական դատարան, ապա  նախագահի հրամանագիրը ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

Նկատենք, որ խորհրդարանական կառավարման համակարգի անցմամբ կառավարության ղեկավարի լիազորությունները ընդլայնվել են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել