Երևանի փողոցներում կարող են ավտոբուսների և «Գազել»-ների փոխարեն էլեկտրաբուսներ հայտնվեն: Այս մասին հայտնեց Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների անցկացման աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը:
Նա նշում է, որ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխման ծրագրի շրջանակում քննարկվում է նաև էլեկտրաբուսների ներդրման հարցը: «Էկոլոգիապես մաքուր տրանսպորտ է: Խնդիր է, սակայն, արժեքը և համապատասխանաբար ներդրումների անհրաժեշտության մեծացումը»,- նշեց Նիկոյանը՝ հավելելով, որ այս դեպքում հնարավոր է դրամաշնորհային ծրագիր:
Պատասխանելով արդեն տեղ գտած վառելանյութի գնաճին վերաբերող հարցին՝ Նիկոյանը նշեց, որ գործընթացը կառավարելի է և Հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխությունները փոխադրողների համար հետեւանքների մեղմացում են նախատեսում: