«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում նոր լրացումներ են կատարվել:
Ինչպես գիտենք, իրավաբանական անձանց պետական գրանցման համար նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց գտնվելու վայրի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում: Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման համար փաստաթղթերը կարող են ներկայացվել բնակության կամ հաշվառման վայրի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում:
Նշենք նաև, որ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հասարակական միավորումների, հիմնադրամների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց միությունների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են կենտրոնական մարմին, իսկ պետական գրանցումը և պետական հաշվառումն իրականացնում է գործակալությունը:
Հոդվածը լրացվել է նոր` 5.1 մասով, որը սահմանում է գործակալության կամ դրա պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով վնասի փոխհատուցման ձևերը:
Հատուցումը կատարվում է արտաբյուջետային միջոցների հաշվին:
Արտաբյուջետային միջոցների անբավարարության դեպքում վնասը հատուցվում է կառավարության պահուստային ֆոնդի կամ պետական բյուջեի այլ միջոցների հաշվին: Այդ նպատակով տրամադրված միջոցները վերականգնվում են գործակալության կողմից հավելյալ մատուցվող ծառայությունների դիմաց գանձված վճարներից գոյացած արտաբյուջետային միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։ Ընդ որում, օրենքով սահմանված կարգով պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարներն ուղղվում են արտաբյուջետային միջոցների համալրմանը։
Նոր կարգավորումը ընդունվել է 2017 թվականի դեկտեմբերի 20-ին, իսկ ուժի մեջ է մտել այս տարվա հուվարի 20-ին:
Հիշեցնենք նաև, որ պետական գրանցման համար իրավաբանական անձիք ներկայացնում են`
ա) իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորված անձի դիմումը.
բ) իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի), որին մասնակցում են հիմնադիրներն անձամբ, արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ ֆիզիկական անձով հիմնադրվող իրավաբանական անձանց):
Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրների կազմում առկա է իրավաբանական անձ, ապա անհրաժեշտ է ներկայացնել հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը և պետական գրանցման վկայականի պատճենը:
Օրենքով սահմանված դեպքերում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը.
գ) կանոնադրություն` հաստատված ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից.
դ) պետական տուրքի վճարման անդորրագիրը: