ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների` պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ ապացույցներ կեղծելու մեջ:
Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։
Այսպես, Հայկ Աբաղյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել, որ ՀՀ քննչական կոմիտեում սպանության դեպքի վերաբերյալ քննված քրեական գործով քննչական խմբի քննիչ Ռաֆիկ Ավագյանը 2016թ.-ի մայիսի 16-ին և 17-ին իր ցուցմունքներում ներառել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, թե, իբր, ինքը ականատես է եղել 15.05.2016թ.-ին Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության և խուլիգանության դեպքի ժամանակ անհայտ անձի կողմից ընկերոջն ու իրեն սուր գործիքով հարվածելու հանգամանքներին, ինչպես նաև նկարագրել է հարվածող անձին:
Հատուկ քննչական ծառայությունում հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում` հարցաքննված անձանց և Հ. Աբաղյանի ինքնախոստովանական ցուցմունքներով հերքվել են վերջինիս պնդումները՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից ծանր հանցագործություն կատարելու վերաբերյալ: Հ. Աբաղյանը խոստովանել է, որ սուտ մատնություն կատարելու քայլին դիմել է` դատաքննության ընթացքում ավելորդ պատասխաններից խուսափելու համար, և քննիչը քրեական գործում ներառել է իր տված իրական ցուցմունքները: Արդյունքում որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Ռ. Ավագյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Իսկ Հ. Աբաղյանի կողմից ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է բնակարանային գողության մեջ մեղադրվող, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արսեն Սարգսյանի կողմից հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու փաստով: Մասնավորապես, վերջինս, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 13.12.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներ Մանուկ Մանուկյանն ու Տարոն Բարսեղյանը Արարատի մարզի բնակարաններից գումարի և ոսկյա զարդերի գողություն կատարելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել ոստիկանություն, որտեղ ընթերակաների ներկայությամբ ենթարկել են անձնական խուզարկության: Ա. Սարգսյանը հայտնել է, որ արձանագրությունը կազմելուց հետո, երբ ընթերակաները դուրս են եկել սենյակից, ոստիկաններից մեկը երկու զարդ է դրել իր վերարկուի ծոցագրպանը, այնուհետև նորից ներս հրավիրել ընթերականերին ու արձանագրել, թե, իբր, նշված զարդերը ևս հայտնաբերվել են անձնական խուզարկությամբ` որպես իր կողմից գողացված իրեր:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով հիմնավորվել է, որ Ա. Սարգսյանը նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ: Ըստ այդմ` որոշում է կայացվել հիշյալ ոստիկանների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածների 1-ին մասերով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ Ա. Սարգսյանի կողմից հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: