Մարդու իրավունքների պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմերն իրականացրել են ՀՀ սահմանադրական դատարանի 2015-2016 թվականների որոշումների կատարման վիճակի համատեղ ուսումնասիրություն: Այդ ուսումնասիրությունն իրականացվել է՝ նաև հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը նպաստելու Մարդու իրավունքների պաշտպանի սահամանադրական նոր գործառույթը և օրենսդրական փոփոխությունների առաջարկներ ներկայացնելու օրենքով նախատեսված հնարավորությունը: Ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել Սահմանադրական դատարանի որոշումներ, որոնցում ներկայացված են մարդու իրավունքների ոլորտում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ իրավական պահանջներ, սակայն դրանք մինչ օրս կատարված չեն։ Այս մասին տեղեկանում ենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի ծառայությունից:
Ըստ այդմ, Մարդու իրավունքների պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմերը համատեղ մշակել են մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ առաջարկող նախագծեր:
Ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ՝
∙ կընդլայնվի «նոր երևան եկած» հանգամանքների հիմքով վարչական դատարանի ուժի մեջ մտած ակտը վիճարկելու հնարավորությունը.
∙ հնարավոր կլինի բողոքարկել գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումը.
∙ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքները կքննվեն վերաքննիչ դատարանի կողմից.
∙ կհստակեցվի վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը ներկայացնելու ձևը.
∙ կվերացվի վճռաբեկ բողոքին Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերը կցելու պահանջը.
∙ դատարանի որոշման բողոքարկման ժամկետի հաշվարկը կսկսվի դատական ակտը անձի համար հասանելի դարձնելու պահից, ինչը հնարավորություն կտա օգտվելու բողոքարկման համար օրենքով տրված ամբողջ ժամկետից.
∙ անձի գործունակության հարցի դատական քննությունը կիրականացվի այդ անձի մասնակցությամբ.
∙ անգործունակ ճանաչված անձինք հնարավորություն կունենան իրենց գործունակության վերականգնման հարցով անձամբ դիմել դատարան.
∙ գրավի բռնագանձումն արտադատական կարգով կասեցնելու նպատակով գրավատուի կողմից ապահովում կտրամադրվի միայն գրավառուի հնարավոր վնասների չափով:
Սահմանադրական դատարանի որոշումները կարևորագույն նշանակություն ունեն երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի և ընդհանրապես՝ ողջ իրավական համակարգի կատարելագործման հարցում: Այդ որոշումներում տեղ գտած դիրքորոշումների սպառիչ իրացումն իրավունքների ու ազատությունների գործուն պաշտպանության կաևոր երաշխիքներից է:
Նախագծերը ներկայացվել են պաշտոնական շրջանառության ինչպես իրավասու պետական մարմիններին, այնպես էլ իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին և ՀՀ փաստաբանների պալատ: