«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ և օրենքով սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:
Օրենքի նախագծի 10-րդ հոդվածի համաձայն՝ կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն․
- Կառավարությունն իր գործունեությունն իրականացնում է կոլեգիալ, նիստերի միջոցով:
- Կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը:
- Կառավարության նիստերը, որպես կանոն, հրավիրվում են շաբաթը մեկ անգամ:
- Կառավարության նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է Կառավարության անդամների կեսից ավելին, բացառությամբ այն նիստի, որի ժամանակ քննարկվում է ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու հարցը, որը իրավազոր է անկախ քվորումից:
- Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակահատվածում նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է Կառավարության անդամների առնվազն մեկ քառորդը:
- Կառավարության անդամները պարտավոր են մասնակցել Կառավարության նիստերին և նիստերից կարող են բացակայել վարչապետի համաձայնությամբ:
- Կառավարության նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պետական եկամուտների, քաղաքաշինության, միջուկային անվտանգության կարգավորման, վիճակագրական կոմիտեների և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները, վարչապետի մամուլի քարտուղարը, ինչպես նաև վարչապետի կողմից հրավիրված այլ անձինք:
- Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված գաղտնի հարցերի քննարկմանը ներկա գտնվելու իրավունք ունեն Կառավարության անդամները և վարչապետի որոշմամբ՝ այլ պաշտոնատար անձինք:
- Կառավարության նիստերում քննարկման են ներկայացվում, մասնավորապես՝
- օրենքների նախագծեր.
- Կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծեր.
- Սահմանադրությամբ կամ օրենքներով նախատեսված այլ հարցեր:
- Կառավարության նիստի օրակարգը վարչապետի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը: Մինչև օրակարգի հաստատումը Կառավարության անդամները կարող են առաջարկություններ ներկայացնել դրա վերաբերյալ:
- Կառավարության նիստի օրակարգում ներառվելիք հարցերը, որպես կանոն, նախապես քննարկվում են նախարարական կոմիտեներում, որոնց կազմը, կառուցվածքը, գործունեության շրջանակն ու կարգը սահմանվում են Կառավարության աշխատակարգով:
- Եթե վարչապետը գտնում է, որ Կառավարության նիստի օրակարգ ընդգրկելու համար առաջարկվող որևէ հարցի քննարկման անհրաժեշտություն չկա, ապա տվյալ հարցը Կառավարության նիստում քվեարկվում է առանց քննարկման, եթե Կառավարության անդամներից որևէ մեկը չի առարկում: Առարկելու դեպքում հարցը քննարկվում է ընդհանուր կարգով:
- Կառավարության նիստի օրակարգի հարցերը զեկուցվում են Կառավարության անդամների, իսկ վարչապետի թույլտվությամբ՝ նրանց տեղակալների, Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների կողմից:
- Կառավարության նիստն ընթանում է մինչև օրակարգի սպառումը:
- Կառավարության նիստերն արձանագրվում են վարչապետի աշխատակազմի կողմից: Նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը վարչապետի հանձնարարությամբ կարող է հրապարակվել:
- Կառավարության նիստերը դռնփակ են: Վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց:
- Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել Կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին: