Կառավարությունը այսօր հաստատեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացրած «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում են Կառավարությանը և նախագահին ենթական մարմինները:
Նախագծով՝ Կառավարությանը ենթակա մարմիններն են՝
- Պետական եկամուտների կոմիտեն
- Քաղաքաշինության կոմիտեն
- Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն
- Վիճակագրական կոմիտեն
- Առողջապահական տեսչական մարմինը
- Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը
- Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը
- Գյուղատնտեսական տեխնիկայի տեսչական մարմինը
- Էներգետիկայի տեսչական մարմինը
- Կրթության տեսչական մարմինը
- Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը
- Տրանսպորտի տեսչական մարմինը
Վարչապետին ենթակա մարմիններն են
- Ազգային անվտանգության ծառայությունը
- Ոստիկանությունը
- Պետական պահպանության ծառայությունը
- Պետական վերահսկողական ծառայությունը
Վարչապետին ենթակա մարմնի ղեկավարին, ըստ օրինագծի, նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Նույնը վերաբերում է նաև վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի տեղակալին։
Օրինագծի անցումային և եզրափակիչ դրույթներով, օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Օրինագծով փոփոխվելու են առանձին կառույցների անվանումները։ Օրինակ՝ Ազգային վիճակագրական ծառայությունը կոչվելու է Վիճակագրական կոմիտե, գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը գործելու է որպես Սննդամթերքի անվտանգության ծառայություն, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը գործելու է որպես Սոցիալական ապահովության ծառայություն, կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը գործելու է որպես Քաղաքացիական ավիացիայի կոմիտե և այդպես շարունակ։