ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր՝ հունվարի 31-ին, քննարկվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը»:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախատեսվել է առանձնահատուկ կարգ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահների և Վճռաբեկ դատարանի նախագահի համար, այն է՝ ավելացնել դատավորների թվաքանակը 12-ով, երկուսը՝ մարզերի դատարաններում. դա տեղի կունենա 2019 թվականի հունվարի 1-ից՝ Արարատի և Արմավիրի մարզերում, երկուսը՝ Վերաքննիչ քրեական դատարանում:
2019 թվականի հունվարի 1-ից 8 դատավոր է կավելանա սնանկության՝ Երևան քաղաքի դատարաններում:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը դիտարկումներ ներկայացրեց դատավորների պատասխանատվության ենթարկելու և կարգապահական վարույթ հարուցելու հարցի վերաբերյալ, որը սահմանվում է նոր օրենսգրքով:
Հիշեցնենք, որ հիմնական զեկուցող Գևորգ Կոստանյանի առաջարկով տեղ է գտել նորմ, ըստ որի՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ կհարուցվի նաև ՄԻԵԴ որոշումների հիման վրա արձանագրված խախտումների փաստով:
Արտակ Զեյնալյանի համար հարցը խնդրահարույց թվաց, քանի որ մինչև ՄԻԵԴ հասնելը հարցը բոլոր ատյաններով անցնում է, և այդ դեպքում հարց է առաջնում, թե որ ատյանի դատավորը պետք է պատասխանատվության ենթարկվի:
Գևորգ Կոստանյանի համոզմամբ՝ ՄԻԵԴ-ի որոշումների հիման վրա, դատարանակազմությունը ինչ որոշում էլ տա, դա չէր ունենում այն ակնկալվող հետևանքը, եթե չկա դատավորին պատասխանատվության ենթարկելու մոտեցումը: Նա նշեց նաև, որ կառավարությունը փոփոխություն է կատարել և դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու է նաև բոլոր այն դեպքերում, եթե արձանագրվեց նյութական կամ դատավարական իրավունքի խախտում, այն հայտնաբերումից մեկ տարվա ընթացքում:
«Դա հիմք է հանդիսանալու դատավորների նկատմամբ վարույթ հարուցելուն: Ինքնին միջազգային դատարանի որոշումը հիմք չի դատավորին պատասխանատվության ենթարկելու համար, բայց հիմք է կարգապահական վարույթ հարուցելու համար»,-ասաց նա:
Հարցը դրվեց քննարկման և մտավ լիագումար նիստ: