Առաջարկվում է ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հիման վրա

«Ելք» խմբակցությունը ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում ներկայացրեց  ԱԺ որոշման նախագիծ՝ հիմք ընդունելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը , որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը 2017 հոկտեմբերի 5-ին խորհրդարանի  միջանցքում բռունցքներով հարձակվել է իր վրա։

Առաջարկվում է ստեղծել 11 անդամից բաղկացած հանձնաժողով՝ դեպքը քննելու համար:

Որոշման նախագծի մեջ նշված է. «- Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար։

Հանձնաժողովն իրավասու է քննել ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը 2017 հոկտեմբերի 5-ին ԱԺ միջանցքում բռունցքներով հարձակվել է իր վրա։

Հանձնաժողովն ունի 11 անդամ, որոնցից վեցին նշանակում է «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը, երեքին՝ «Ծառուկյան» խմբակցությունը և մեկական՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Ելք» խմբակցությունները:

Հանձնաժողովը կազմավորված է համարվում նրա անդամների կեսից ավելիի նշանակման և Հանձնաժողովի կազմն Ազգային ժողովի նախագահի կողմից հաստատվելու օրը:

Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է նրա կազմավորման օրվան հաջորդող առաջին երկուշաբթի օրը՝ ժամը 11-ին: Հանձնաժողովի նախագահի և նրա տեղակալի ընտրության վերաբերյալ Հանձնաժողովի որոշումները 24 ժամվա ընթացքում ներկայացվում են Ազգային ժողովի նախագահին:

Ազգային ժողովի աշխատակազմն ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ պայմաններ: Հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնում է Ազգային ժողովի աշխատակազմի իրավասու փորձագետը (մասնագետը):

Հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչեւ 2017 թվականի ապրիլի 1-ն է»:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանին հետաքրքրում էր՝ բռունցքներով հարձակվելը էթիկայի խախտո՞ւմ է, թե՞ ոչ:

«Որևէ տեղ սահմանված չէ, որ բռունցքներով հարձակվելն էթիակայի խախտում է», – նկատեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ կատարվածը երկու չափահաս անձանց միջև տեղի ունեցած միջադեպ է և պետք չէ խորհրդարանում նման հարց քննարկել։

«Նման խնդիրները պետք է լուծվեն այլ ընթացակարգերով, որոնք իրավական լուծում չունեն: Իսկ նախագծին վերը նշված շարադրմամբ տրվելու է բացասական եզրակացություն»,  – ասաց նա:

Քվեարկության ժամանակ նախագծին կողմ էր միայն Էդմոն Մարուքյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել