Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կոնգրեսին ընդունել համապատասխան օրենսդրություն՝ «Գրին քարտ»-ի՝ ԱՄՆ-ում մշտական բնակության և աշխատանքի իրավունքի խաղարկության համակարգն արժանիքների վրա հիմնված ներգաղթով փոխարինելու, շղթայական ներգաղթը դադարեցնելու և մոտ 1,8 միլիոն անօրինական ներգաղթյալների, որոնք ԱՄՆ են բերվել իրենց ծնողների կողմից փոքր տարիքում, քաղաքացիություն շնորհելու համար: Այդ մասին հայտնում է NDTV-ն:
Նա առաջարկել է իր իմիգրացիոն բարեփոխման ծրագրի չորս հիմնասյուն. «Մեր համակարգի առաջին հիմնասյունն առաջարկում է ծնողների կողմից երիտասարդ տարիքում այստեղ բերված 1,8 միլիոն անօրինական ներգաղթյալների համար քաղաքացիության ճանապարհ, դա ներառում է մոտ երեք անգամ ավելի շատ մարդու, քան առաջարկում էր ԱՄՆ նախկին վարչակազմը: Մեր ծրագրի համաձայն՝ նրանք, ովքեր կբավարարեն կրթության և աշխատանքի պահանջները, լավ պահվածք կդրսևորեն, կկարողանան դառնալ ԱՄՆ լիիրավ քաղաքացիներ»:
Թրամփը որպես երկրորդ հիմնասյուն է ներկայացրել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը, իսկ որպես երրորդ հիմնասյուն՝ «Գրին քարտ»-ի վիճակահանության դադարեցումը:
Չորրորդ և վերջին հիմնասյունը նախատեսում է շղթայական ներգաղթի դադարեցում, որը, Թրամփի խոսքով, մինչ այժմ թույլ է տվել մեկ ներգաղթյալի երկիր բերել գրեթե անսահմանափակ քանակությամբ հեռավոր բարեկամների:
«Այս չորս հիմնասյուները փոխզիջում են, որոնք կկարողանան ստեղծել ապահով, ժամանակակից և օրինական ներգաղթային համակարգ: Ավելի քան 30 տարի Վաշինգտոնը փորձել է լուծել այս խնդիրը՝ ապարդյուն: Այս Կոնգրեսը կարող է վերջապես օգնել, որ դա իրականություն դառնա: Եկեք միանանք, մի կողմ դնենք քաղաքականությունը և վերջապես անենք այդ գործը»,- օրենսդիրներին կոչ է արել Թրամփը: