Քննիչը պարտավոր է տեսաձայնագրառումը իրականացնել քննչական գործողության սկսելու պահից, առանց ընդհատման. նոր նախագիծ

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Փոփոխություն է առաջարկվում օրենսգրքի 29 հոդվածի 2-րդ մասով, որով քննիչը պարտավոր է տեսաձայնագրառումը իրականացնել քննչական գործողության սկսելու պահից, առանց ընդհատման, բացառությամբ անկանխատեսելի տեխնիկական անսարքության կամ այլ օբյեկտիվ պատճառների առկայության դեպքերի:

Իսկ տեսաձայնագրառման ընդհատման դեպքում քննչական գործողությունն ընդհատվում է, որի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն, որտեղ նշվում են ընդհատման պատճառների մասին: Քննչական գործողության կատարումը շարունակվում է տեսաձայնագրառումը վերսկսելու պահից:

Մինչ այդ, հետաքննության մարմինը կամ քննիչը միջոցներ է ձեռնարնում քննչական գործողության կատարման վայրը, հետքերը և առարկաները պահպանելու ուղղությամբ: Նշենք, որ տեսաձայնագրառման նյութերը ենթակա չեն մոնտաժման կամ այլ կերպ փոփոխության:

Քննարկվում է նաև  քրեական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածում փոփոխույթուններ կատարելու վերաբերյալ հարցը:

Նախկինում ընթերակայի նախկին մասնակցությունը քննչական գործողությանը տվյալ քրեական գործով այլ քննչական գործողությանը նրա մասնակցությունը բացառող հանգամանք չէ, բացի այն դեպքերից, երբ որևէ ընթերակայի մասնակցությունը կրում է պարբերական բնույթ:

Նոր առաջարկվող կարգավորմամբ միևնույն անձը մեկ ամսվա ընթացքում միևնույն գործով կարող է ներգրավվել որպես ընթերակա ոչ ավել, քան երկու անգամ։ Բացի այդ, քննիչը, հետաքննության մարմինը  ընթերականեր է հրավիրում միայն քննչական փորձարարության, անձին կամ առարկաները ճանաչման ներկայացնելու, խուզարկության, առգրավման, զննման կատարմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել