Երևանին է նվիրաբերվում երկու դպրոցի շենք

Կառավարության փետրվարի 1-ի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է Երևանի համայնքին գույք նվիրաբերելուն։ Մասնավորապես, ԿԱ պետական գույքի կառավարության վարչության կողմից ներկայացված որոշման նախագծի համաձայն, Երևանին է նվիրաբերվելու մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Ռուսթավելու 17 և Թաիրովի 14 հասցեներում գտնվող դպրոցների շենքերը՝ հետագայում որպես մանկապարտեզ  և արտադպրոցական դաստիարակություն կազմակերպելու նպատակով։

      Իրավական ակտի անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի N1025-Ն որոշմամբ  «Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական դպրոց», «Երևանի քաղաքապետարանի Ա. Ս. Գրիբոյեդովի անվան N 41 հիմնական դպրոց» և «Երևանի N 81 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպվել են` միանալով համապատասխանաբար «Երևանի Մ. Իշխանի անվան N 5 հիմնական դպրոց», «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան N 10 հիմնական դպրոց» և «Երևանի Վ. Վաղարշյանի անվան N 80 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններին, իսկ Երևան քաղաքի Կենտրոնի Ռուսթավելու N 17 և Երևան քաղաքի Կենտրոնի Թաիրովի N 14 հասցեներում գտնվող դպրոցների շենքերը և դրանցով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը թողնվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը: ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ առաջարկվել է Երևանի քաղաքապետին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ Երևան քաղաքի Կենտրոնի Ռուսթավելու N 17 և Երևան քաղաքի Կենտրոնի Թաիրովի N 14 հասցեներում գտնվող անշարժ գույքերի հետագա օգտագործման վերաբերյալ:

Երևանի քաղաքապետարանի կողմից առաջարկվել է վերոնշյալ դպրոցների շենքերը սեփականության իրավունքով փոխանցել Երևան համայնքին՝ այդ շենքերում նախադպրոցական կրթություն (մանկապարտեզ) և արտադպրոցական դաստիարակություն կազմակերպելու նպատակով:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Երևան համայնքի ենթակայության մանկապարտեզների գերծանրաբեռնվածությունն արդեն տարիներ շարունակ կարևոր խնդիր է դարձել Երևան քաղաքում, որը պահանջում է հրատապ լուծում: Երևանի քաղաքապետարանը խիստ կարևորում է կրթության բովանդակությանն առնչվող հարցերը, մասնավորապես` նախադպրոցական կրթության, ուստի, հաշվի առնելով նախադպրոցական կրթության կարևորությունը և նշանակությունը, առաջարկում է վերակազմակերպման արդյունքում ազատված դպրոցների շենքերը սեփականության իրավունքով փոխանցել Երևան համայնքին՝ այդ շենքերում նախադպրոցական կրթություն և արտադպրոցական դաստիարակություն կազմակերպելու նպատակով:

          Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման դեպքում զգալիորեն կլուծվի Երևանի ենթակայության մանկապարտեզների  ծառայություններից օգտվելու կարիք ունեցող ընտանիքների խնդիրը և այն կնպաստի Երևան քաղաքում նախադպրոցական կրթությունը  պատշաճ կազմակերպելու գործընթացին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել