Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական Կայքում արդարադատության նախարարությունը հրապարակել է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նոր նախագիծը:
Նախագծի համաձայն՝ նախագահական նստավայրի հասցեն Մաշտոցի պողոտա 47-ը կդառնա, իսկ վարչապետի նստավայրը տեղակայված է լինելու Բաղրամյան 26 հասցեում: Նշենք, որ այժմ Մաշտոցի պողոտա 47-ում տեղակայված է Կառավարության ընդունելությունների տունը:
Օրենքի նախագծի համաձայն՝ նախագահի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը սահմանում է Հանրապետության նախագահը, որը չի կարող գերազանցել 180-ը:
Հանրապետության նախագահի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավելի, քան տարեկան 75 միլիոն դրամի չափով: Պահուստային ֆոնդի միջոցները կտնօրինի նախագահը:
Նախագահը կունենա ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 4-րդ մասնաշենք): Նա կունենա նաև պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ: Կապահովվի հատուկ նշանակության ավտոտրանսպորտային միջոցով:
Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:
Պաշտոնաթող Հանրապետության նախագահին տրամադրվում է ավտոտրանսպորտ և իր ցանկությամբ կահավորված գրասենյակ: Պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է նախագահի աշխատակազմին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացված միջոցներից:
Պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է ոչ ավելի, քան երեք հաստիքային միավոր, որոնք ընդգրկվում են Հանրապետության նախագահի աշխատակազմի հաստիքացուցակում: