Հայկական զինուժը պատվով կատարել է իր առջև դրված խնդիրները․ Վիգեն Սարգսյան

Հունվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2017 թվականի արդյունքներն ու նախանշվել ընթացիկ տարվա հիմնական անելիքները: Հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:
Նիստի ընթացքում 2017 ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության արդյունքների և առաջիկա անելիքների վերաբերյալ հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ Զեկույցում նշվել է, որ անցած ուսումնական տարվա շրջանակում պլանային կարգով շարունակվել են զորքերի պատրաստության, զինվորական կարգապահության չափորոշիչների, ուսումնամարտական խնդիրների կատարման արդյունավետության առավել բարձրացմանը, մարտական հերթապահության կրման պայմանների և ամրաշինական կառույցների կատարելագործմանն ուղղված աշխատանքները:

Զեկույցներով հանդես են եկել նաև պաշտպանության նախարարի տեղակալները, ովքեր, ըստ համապատասխան ուղղությունների, ներկայացրել են 2017 թվականի ընթացքում իրականացված միջոցառումներն ու առաջիկա աշխատանքային ուղղությունները:

Ամփոփելով 2017 թվականը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ հայկական զինուժը պատվով կատարել է իր առջև դրված խնդիրները, ընդ որում՝ կյանքի են կոչվել մի շարք նոր ու բացառիկ ծրագրեր: Նախարար Սարգսյանը շեշտել է, որ 2017-ը հատկապես կարևոր տարի էր պաշտպանական ոլորտին վերաբերող օրենսդրությունն ամբողջությամբ վերանայելու և զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին նոր առանցքային դրույթներ սահմանելու համար:

Անդրադառնալով սոցիալական ծրագրերին՝ նախարարը չափազանց կարևորել է բացառիկ թափանցիկության սկզբունքով գործող Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեության շարունակականությունը: Հիմնադրամ, որը ֆինանսական օգնություն է ցուցաբերում հայրենիքի պաշտպանության ժամանակ հերոսացած կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին: Լուծվել է նաև զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների անօթևան ընտանիքների բնակավորման հարցը:

Վիգեն Սարգսյանը խոսել է նաև առաջիկայում մեկնարկող սոցիալական նոր ու բացառիկ ծրագրի մասին, որը ենթադրում է բնակարանների ձեռքբերման հնարավորություն զինծառայողների համար՝ հիպոթեքային վարկավորման աննախադեպ պայմաններով: Ծրագիրը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն:

Ըստ պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ տարին առանձնացել է ռազմակրթությանը վերաբերող բարեփոխումներով, որոնց մեկնարկը տրվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի` նոր ու գերժամանակակից պայմաններով ուսումնական համալիր տեղափոխությամբ: Առաջիկայում կվերակառուցվի և կվերազինվի նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը:

Նախարար Սարգսյանը նիստի մասնակիցներին նաև տեղեկացրել է, որ բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրն արդեն պատրաստ է և ներկայացվել է երկրի ղեկավարին: Այն նախատեսում է զինված ուժերը հասցնել նոր ու բացառիկ մակարդակի:

Կոլեգիայի նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը պատվոդրոշներ է հանձնել լավագույն զորամիավորումների, զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարներին: Գերատեսչական մեդալներով ու խորհրդանշական նվերներով պարգևատրվել են նաև բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք սպաներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել