Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կարգը

Հաճախակի են դեպքերը, երբ ծննդյան, ամուսնության վկայականներում կամ այլ փաստաթղթերում հանդիպում են տառասխալներ: Նման դեպքերում խնդիրը կարող է լուծվել ինչպես դատական, այնպես էլ արտադատական ճանապարհներով: Խնդրի լուծման արտադատական եղանակներն են՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը և նոտարական գարսենյակները:

Այսպես, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը, բավարար հիմքերի առկայության ու շահագրգիռ անձանց միջև վեճի բացակայության դեպքերում, ուղղում և փոփոխում է քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումները (կարգավորումը տրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ մասում):

Այն դեպքերում, երբ շահագրգիռ անձը, հնարավորություն չի ունենում  նշված փաստաթղթերը ստանալու  ՔԿԱԳ մարմնից, ապա իրավունք ունի նշված հարցով դիմելու նոտարական գրասենյակ:

Նոտարը իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր:

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու  անհնարինությունը հաստատող ապացույցներ:

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտը հիմք է համապատասխան մարմինների կողմից այդ փաստը գրանցելու կամ հաստատված փաստի կապակցությամբ ծագած իրավունքները ձևակերպելու համար (Կարգավորումը տրված է Նոտարիատի մասին ՀՀ օրենքի 81.1-րդ հոդվածի 3-7-րդ մասերում):

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտը կարող է օգտագործվել միայն նոտարական ակտում նշված նպատակով։

Այդուհանդերձ, դիմողը կարող է իր ծննդյան, ամուսնության վկայականներում կամ այլ փաստաթղթերում առկա  տառասխալները վերացնելու կամ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման հայցով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 49-րդ  և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածների համաձայն դիմել դատարան, եթե այլ կարգով ստանալու հնարավորություն չունի լուծելու առաջացած խնդիրները։ Նշված իրավանորմերում դատարանի կողմից խնդրի կարգավորման հնարավորությունը կապվում է այլ հնարավորության բացակայության հետ:

Այսպիսով, ստացվում է, որ անձը ինքն է իրավասու որոշել, թե ինչպիսի՞ եղանակով է ցանկանում հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող  փաստերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել