Անցած տարվա հունիսին ԱՄՆ նխագահ Դոնալդ Թրամփը փորձել է Մյուլլերին պաշտոնից ազատել, սակայն Սպիտակ տան խորհուրդը մերժել է նրան։ New York Times-ը հայտնում է, որ նախագահը հետ է կանգնել իր որոշումից, երբ Սպիտակ տան խորհուրդը սպառնացել է հրաժարական տալ՝ չցանկանալով կատարել հրամանը։
Ռոբերտ Մյուլլերը հետաքննում է 2016-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի ներգրավվածության հարցը, ինչպես նաև հնարավոր կապերը Թրամփի աշխատակազմի հետ։ Երբ Թրամփը Սպիտակ տան խորհրդական Դոնալդ ՄըքԳանին հրաման է տվել Մյուլլերին պաշտոնից ազատել, վերջինս ասել է, որ ինքը ավելի շուտ հրաժարական կտա։
Թրամփը պատճառաբանել է Մյուլլերին պաշտոնազրկելու իր մտադրությունը։ Նախ, Մյուլլերը 2011-ին հրաժարվել է Վիրջինիայի հյուսիսում գտնվող «Թրամփ ազգային գոլֆի ակումբ»-ի անդամակցությունից՝ անդամակցության վճարների շուրջ առաջացած վեճերի հետևանքով։ Կոնֆլիկտի մեկ այլ առիթ է այն, որ վերջերս Մյուլլերն աշխատել է մի իրավաբանական գրասենյակում, որը նախկինում ներկայացրել է նախագահի փեսա Ջերեդ Քուշների շահերը։ Եվ վերջապես, Թրամփն ասել է, որ հատուկ խորհրդական նշանակվելու նախորդ օրը Մյուլլերը հարցազրույց է անցել՝ որպես ՀԴՎ-ի տնօրեն վերականգնվելու համար։
Սենատոր Մարկ Ուորները նշում է, որ հատուկ խորհրդականին, ով հետաքննում է ռուսական հետքը, հեռացնելու ցանկացած փորձ կդիտվի որպես պաշտոնի լուրջ չարաշահում և հետաքննության միջամտություն։
Պատրաստեց Վիկտորիա Բադալյանը
Իրավաբան.net