Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքում առողջապահության նախարարության կողմից ներկայացվել է նոր օրենքի նախագիծ, որով կկանխարգելվի կամ կնվազեցվի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցությունը:
Նախագծով սահմանվում է, որ ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումն կարգելվի փակ տարածքներում, հասարակական վայրերում: Օրինակ՝
1) Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, առողջարանային հաստատությունների տարածքներում,
2) նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատություններում, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունների տարածքներում,
3) մանկապատանեկան մարզական կազմակերպությունների տարածքներում,
4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում,
5) թատերահամերգային, թանգարանային, գրադարանային, կինոթատրոնների և ժամանցային կենտրոնների տարածքներում,
6) մարզական դահլիճների, համալիրների և մարզադաշտերի տարածքներում,
7) հանրային սննդի օբյեկտներում (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ),
8) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ այն պատմության և մշակույթային անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ.
9) բնության հատուկ պահպանվող տարածքներում,
10) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկների, պետական առեւտրային և ոչ առեւտրային իրավաբանական անձանց գործունեության տարածքներում,
11) տրանսպորտում (ուղեւորափոխադրում իրականացնող տրանսպորտ, երկաթուղային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտեն), տրանսպորտի կանգառներում, սպասասրահներում, ուղևորների սպասարկման համար նախատեսված տարածքներում,
12) օդանավակայաններում (բացառությամբ ծխելու համար հատկացված տարածքների), ճոպանուղիների տարածքներում, երկաթուղու և մետրոպոլիտենի կայարաններում, ավտոկայարաններում, ավտոկայաններում,
13) hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցները, մոթելները, հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները, հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան եւ ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները),
14) բազմաբնակարան շենքների վերելակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում,
15)հակահրդեհային կանոններով նախատեսված տարածքներում,
16) շենքներում, շինություններում տեղակայված աշխատանքային գործունեության համար նախատեսված տարածքներում,
17) խաղատներում, առևտրի և զվարճանքի օբյեկտներում:
Օրենսդրական փաթեթով փոփոխություններ են նախատեսված նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում:
Չսահմանված վայրում ծխելը առաջացնում է տուգանքի նշանակում` 250 հազար դրամի չափով: Եթե անձը նույն արարքը 3 ամսվա մեջ կատարել է երկրորդ անգամ, ապա կտուգանվի 500 հազար դրամով:
Ծխախոտային արտադրատեսակների յուրաքանչյուր սպառողական փաթեթը պարտադիր պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը հայերենով մարդու առողջության վրա ծխախոտային արտադրատեսակի բացասական ազդեցության մասին հիմնական և լրացուցիչ տեքստեր, որոնք տեղադրվում սպառողական փաթեթի երկու կողմերում և որոնց մակերեսը չի կարող պակաս լինեն այդ կողմերի ընդհանուր մակերեսի 50 տոկոսից: Ծխամորճի և ծխելու ծխախոտների թափանցիկ փաթեթվածքների դեպքում վնասակարության վերաբերյալ նախազգուշացման տեքստերը պետք է զետեղվեն ներդիր թերթիկի վրա և զբաղեցնեն դրա մակերեսի ոչ պակաս, քան 50 տոկոսը:
2.Նախազգուշացման տեքստերը պետք է՝
1) տպագրված լինեն մուգ թանաքով` հակադիր ֆոնի վրա և այնպես, որպեսզի բացառվի դրանք հեռացնելու հնարավորությունը.
2) լինեն հստակ ու ընթեռնելի.
3)ԳՀԵԱ Գրապալատ (GHEA Grapalat) թավ տառատեսակով, հիմնական նախազգուշացման տեքստերը` մեծատառերով, լրացուցիչ նախազգուշացման տեքստերը` փոքրատառերով` բացառությամբ առաջին տառի` մեծատառ.
4)տառատեսակի չափը պետք է ընտրված լինի այնպես, որպեսզի նախազգուշացման տեքստերն զբաղեցնեն դրանց համար նախատեսված մակերեսի հնարավոր առավելագույն մասը.
5) շրջագծող գծերի հաստությունը պետք է լինի 3-4 մմ.
6) պետք է գտնվեն դրանց համար նախատեսված մակերեսի կենտրոնում, տուփի վերին եզրին զուգահեռ և բացելիս հնարավոր լինի խուսափել այն վնասելուց: