Հայաստանի և Նիդեռլանդների վարչապետները պայմանավորվել են ակտիվ համագործակցել գյուղատնտեսության ոլորտում

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դավոսում հանդիպել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ:

ՀՀ վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին Նիդեռլանդների կողմից շարունակաբար ցուցաբերվող տեխնիկական և ֆինանսական աջակցության համար, այդ թվում՝ միջազգային ֆինանսական կառույցների՝ ՎԶԵԲ-ի, Համաշխարհային բանկի և ԱՄՀ-ի , ինչպես նաև հոլանդական խմբի միջոցով, որի անդամ է Հայաստանը:

Վարչապետը գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին, ներկայացրել մակրոտնտեսական ցուցանիշներն ու աճի դրական միտումները, նշել, որ ԵԱՏՄ-ի անդամակցությունը, Եվրամիության հետ համագործակցությունն ու հարևան Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները Հայաստանը հետաքրքիր են դարձնում տարածաշրջանային շուկաներ մուտք գործելու առումով:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիության հարաբերություններին և անցած տարվա նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ընձեռված հնարավորություններին:

Վարչապետ Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում մեկնարկած բարեփոխումները՝ ընդգծելով, որ այստեղ փոխգործակցության մեծ ներուժ է առկա: «Մենք չափազանց հետաքրքրված ենք Նիդեռլանդների՝ որպես գյուղատնտեսության ոլորտում աշխարհում առանցքային նշանակություն ունեցող երկրներից մեկի փորձով և գիտելիքներով», – ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Մարկ Ռուտեն իր հերթին նշել է, որ Նիդեռլանդները գյուղատնտեսության արտադրանքի ծավալներով աշխարհում երկրորդ երկիրն է, և իրենք ուրախ կլինեն կիսվել այդ բնագավառում իրենց փորձով ու պատրաստակամ են գործնական քայլեր իրականացնել այդ ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել