Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում արդարադատության նախարարությունը ներկայացրել է նոր նախագիծ, որով սահմանվում են նոր Կառավարության և վարչապետի հրաժարական տալու կարգը:
Այսպիսով, Կառավարությունը նախագահին կներկայացնի իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը:
Նախագծով վարչապետը պարտավոր է հրաժարական ներկայացնել, եթե հետևյալ դեպքերում՝
- նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
- նա խախտել է սույն օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները:
Համարվում է, որ վարչապետի պաշտոնը թափուր է այն դեպքերում, երբ՝
- վարչապետը մահացել է.
- վարչապետի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.
- վարչապետին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Եթե վարչապետն իր նշանակումից հետո հնգօրյա ժամկետում նախագահին չի առաջարկում փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին՝ առնվազն երկու երրորդին, ապա համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել:
Վարչապետի հրաժարականի դեպքում նախագահն անհապաղ հրամանագիր է ընդունում Կառավարության հրաժարականն ընդունելու մասին: