Ի՞նչ լիազորություններ կունենան Կառավարության անդամները

Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքում արդարադատության նախարարություննը տեղադրել է նոր նախագիծ, որով սահմանվում են Կառավարության անդամների լիազորությունները և պարտականությունները:

ՎԱՐՉԱՊԵՏ

Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք պարտադիր են Կառավարության անդամների համար: Նա ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը:

Վարչապետը հետևում է Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացմանը, պահովում է Կառավարության գործունեության միասնականությունը:

Կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով վարչապետն ընդունում է որոշումներ, ինչպես նաև տալիս է հանձնարարականներ: Նա իր որոշմամբ սահմանում է յուրաքանչյուր փոխվարչապետի կողմից համակարգվող՝ Կառավարության գործունեության ոլորտը:

Վարչապետն իրավասու է ընդլայնել նախարարության գործունեության ոլորտը: Նախարարի առաջարկությամբ վարչապետը սահմանում է փոխնախարարների թիվը, նշանակում է փոխնախարարներին, հաստատում է նախարարությունների կանոնադրությունը և աշխատողների թվաքանակը:

Նա ձևավորում է իր աշխատակազմը, որի խնդիրն է ապահովել վարչապետի և փոխվարչապետների լիազորությունների իրականացումը, այդ թվում՝ Կառավարության նիստերի անցկացումը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին նշանակում և ազատում է վարչապետը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում վարչապետի աշխատակազմի հանրային ծառայության պաշտոններում, նրանց ազատում այդ պաշտոններից:

Վարչապետի աշխատակազմը պետական կառավարչական հիմնարկ է, որը ստեղծվում, վերակազմակերպվում կամ գործունեությունը դադարում է վարչապետի որոշմամբ: Վարչապետի աշխատակազմը գործում է օրենքների, կառավարության աշխատակարգի և իր կանոնադրության հիման վրա: Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատվում է վարչապետի որոշմամբ: Կառավարության աշխատակարգով սահմանված կարգով նա է ապահովում հանրությանը Կառավարության գործունեության վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար փոխանցումը:

Վարչապետը սահմանում է իր բացակայության ժամանակ առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու կարգը, այդ թվում՝ վարչապետին փոխարինող առաջին փոխվարչապետի լիազորությունների ծավալը: Այդ կարգով պետք է սահմանվի նաև վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու կարգը:

Առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է մեկ այլ փոխվարչապետ՝ վարչապետի կողմից սահմանված կարգով:

Վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության մասին որոշումը կայացնում է Կառավարությունը՝ Կառավարության անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով:

Վարչապետն իրականացնում է Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ընդհանուր ղեկավարումը և վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ:

Վարչապետն իրավասու է կազմավորել խորհրդակցական մարմիններ, որոնց ղեկավարումը կարող է հանձնարարել համապատասխան փոխվարչապետին:

Վարչապետի նստավայրը Երևան քաղաքում է:

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 Փոխվարչապետը վարչապետի հանձնարարությամբ իրականացնում է Կառավարության գործունեության առանձին ոլորտների համակարգումը:

Կառավարության գործունեության՝ իրենց վերապահված առանձին ոլորտների համակարգումը ներառում է փոխվարչապետի կողմից ձեռնարկվող այնպիսի գործողություններ, որոնց նպատակն այդ ոլորտներում գործող նախարարությունների գործունեության համաձայնեցումը և ներդաշնակեցումն է:

Փոխվարչապետին վարչապետը կարող է վերապահել իր համակարգման ոլորտում Կառավարության անդամներին և վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին կոնկրետ հարցերով հանձնարարություն տալու իրավասություն: Նա վարչապետի հանձնարարությամբ կարող է իր համակարգման ոլորտի շրջանակից դուրս հանձնարարություններ տալ Կառավարության անդամներին և վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին:

Փոխվարչապետը վարչապետի հանձնարարությամբ ներկայացնում է Կառավարությունը ՀՀ անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների կանոնադրական մարմիններում՝ իրականացնելով այդ մարմինների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով սահմանված գործառույթներ:

ՆԱԽԱՐԱՐ

 

Նախարարը՝ ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է Կառավարության՝ նախարարությանը վերապահված ոլորտի քաղաքականությունը, իրականացնում է նախարարությանը ենթակա մարմինների, ինչպես նաև նախարարությանը ենթակա կազմակերպությունների ընդհանուր ղեկավարումը և վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ:

Նախարարը կարող է նաև վարչապետին առաջարկություններ  ներկայացնել նախարարությանը վերապահված ոլորտի հիմնական ուղղությունների վերաբերյալ.

Նա նաև Կառավարության քննարկմանն է ներկայացնում Կառավարության որոշումների և օրենքների նախագծեր, հաստատում և փոփոխում է նախարարության աշխատակարգը:

Նախարարի հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու պարագայում՝ նախարարին փոխարինող փոխնախարարն ամբողջ ծավալով իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում` Ազգային ժողովում:

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել