Կարեն Կարապետյանը և Սաադ Հարիրին քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները

Դավոսում շարունակվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը և Լիբանանն ավանդաբար ամուր և բարեկամական հարաբերություններ են ունեցել, և Հայաստանի կառավարությունը շահագրգռված է դրանք առավել խորացնելու ու ընդլայնելու հարցում: Վարչապետները նաև կարևորել են Լիբանանի հայ համայնքի դերը երկու երկրների միջև փոխգործակցության և ամուր կապերի առկայության տեսանկյունից:

Կարեն Կարապետյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման միտումներն ու նախաձեռնված բարեփոխումները՝ նշելով, որ անցած տարի բավականին լավ ցուցանիշներ են արձանագրվել, և կառավարությունը վճռական է շարունակելու բարեփոխումները: Անդրադառնալով համագործակցության հեռանկարներին՝ ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, Եվրամիության հետ ունենալով GSP+ առևտրային ռեժիմ և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, շատ լավ հարաբերություններ ունենալով Իրանի հետ, կարող է հետաքրքիր լինել լիբանանցի գործարարների ու ներդրողների համար:

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին իր հերթին նշել է, որ իրենք մտադիր են սերտորեն աշխատել Հայաստանի ու հայկական բիզնեսի հետ և պատրաստակամ են կոնկրետ քայլեր իրականացնել այդ ուղղությամբ:

Սաադ Հարիրին վարչապետ Կարեն Կարապետյանին հրավիրել է այցելել Լիբանան, որը սիրով ընդունվել է Հայաստանի վարչապետի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել