Հաստատվեցին Անվտանգության խորհրդի կազմն ու լիազորությունները

Այսօր՝ հունվարի 25-ին կառավարությունը որոշում ընդունեց Անվտանգության խորհրդի գործունեության, լիազորությունների և կազմի հաստատման մասին։ Նիստը վարում էր ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, քանի որ վարչապետ Կարեն Կարապետյանը գործուղման մեջ է։

Նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ Հանրապետության Նախագահը կազմավորում է ազգային անվտանգության խորհուրդ և նախագահում այն: Սակայն, 2015 թ-ի Սահմանադրական փոփոխություններով նոր իրավակարգավորումներ են սահմանվում՝ պայմանավորված ՀՀ-ում կառավարման խորհրդարանական համակարգին անցմամբ:

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ազգային անվտանգության խորհուրդը վերանվանվեց Անվտանգության խորհրդի և ամրագրվեց, որ Անվտանգության խորհուրդը սահմանում է  պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները: Բացի այդ, 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ վարչապետը գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծով՝

  • ամրագրվել են Անվտանգության խորհրդի կարգավիճակը, գործառույթը և լիազորությունները.
  • սահմանվել է Անվտանգության խորհրդի կազմը.
  • կարգավորվել են Անվտանգության խորհրդի գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները.
  • նախատեսվել են Անվտանգության խորհրդի որոշումների տեսակները և դրանց ընդունման կարգը.
  • կարգավորվել են Անվտանգության խորհրդի բնականոն գործունեության ապահովմանը վերաբերող դրույթներ:

 Նշենք, որ այսպիսով Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու`

  1. վարչապետը,
  2. առաջին փոխվարչապետը,
  3. փոխվարչապետները,
  4. Անվտանգության խորհրդի քարտուղարը,
  5. պաշտպանության նախարարը,
  6. արտաքին գործերի նախարարը,
  7. ազգային անվտանգության ծառայության տնօրենը,
  8. ոստիկանության պետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել