Bizprotect.am կայքի միջոցով ահազանգել են այն մասին, թե Վանաձոր քաղաքում տաքսի ծառայություններից մեկը՝ «Կառուզո» անվանումով, չի վճարում հարկեր, քանի որ այդ ընկերության հաշվապահությունը կատարում է հայկային ծառայության աշխատակից։
«Այդ պատճառով այլ տաքսի ծառայությունները, որոնք Վանաձորում նորմալ հարկեր են վճարում, աշխատում են ավելի անբարենպաստ պայմաններում»,- գրում է դիմումատուն:
Նշենք, որ հուլիսի 7-ին ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսված է անանուն ահազանգման հարթակի ստեղծումը 2018թ.-ին: Սակայն, «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում արդեն իսկ ստեղծվել է և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվում է Bizprotect.am կայքը, որը ազդարարման հարթակ է` ուղղված բիզնես ոլորտի գործունեությանը խոչընդոտող ցանկացած հարցերի, ռիսկերի և խնդիրներին, ներառյալ` կոռուպցիոն: Սույն կայքը նաև անանուն ահազանգներ ներկայացնելու հնարավորություն է ընձեռում: Այդ ահազանգերի իսկությունը ստուգելու և դրանց լուծումներ տալու համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի փաստաբան Մարիամ Զադոյանը նշեց, որ այս ահազանգի կապակցությամբ գրություն է ուղարկվել Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ): Ի պատասխան՝ ՊԵԿ ՕՀՎ պետ Գ. Առաքելյանը հայտնել է, որ իրականացվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է. «Վանաձոր քաղաքում «Կառուզո» անվանումով տաքսի ծառայությունը իրականացնում է «Սվիթուեյ տրանս» ՍՊ ընկերությունը համապատասխան լիցենզիայի առկայության պայմաններում և վճարում է համապատասխան հարկեր»։