Ի՞նչ դրույթ է փոխվել ալկոհոլի և ծխախոտի վաճառքի դեպքում վճարների հաշվարկման կարգում

Bizprotect.am կայքի միջոցով ահազանգել են այն մասին, թե օրենսդրական փոփոխության հետևանքով ամրագրվել է դրույթ, որի համաձայն, ալկոհոլի և ծխախոտի վճարների հաշվարկման կարգը փոխվել է, և հաշվի է առնվում շենքի տարածքի միայն այն հատվածը, որտեղ այս տիպի ապրանքները վաճառվում են:

«Այն դժվարացնում է բիզնեսի աշխատանքը, որովհետև կարող է փաստացի տարածքի 1/10-րդ մասը օգտագործվել ծխախոտի վաճառքի նպատակով: Անհրաժեշտ է հաշվարկելիս հաշվի առնել տարածքի փաստացի ծխախոտի վաճառքի նպատակով օգտագործվող մասը: Սակայն, եթե հնարավորություն տրվի համայնքապետարանի աշխատակիցներին, որպեսզի գան դա ստուգեն, դա կարող է բերել կոռուպցիոն ռիսկերի, քանի որ համայնքապետարանի աշխատակիցները կարող են առաջարկել որոշ գումարների դիմաց ընդհանուր շենքի տարածքի մի փոքր մասը նշել միայն: Խնդրում եմ արձագանքել այս խնդրին»,-նշում է դիմումատուն:

Նշենք, որ հուլիսի 7-ին ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսված է անանուն ահազանգման հարթակի ստեղծումը 2018թ.-ին: Սակայն,  «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում արդեն իսկ ստեղծվել է և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվում է Bizprotect.am կայքը, որը ազդարարման հարթակ է` ուղղված բիզնես ոլորտի գործունեությանը խոչընդոտող ցանկացած հարցերի, ռիսկերի և խնդիրներին, ներառյալ` կոռուպցիոն: Սույն կայքը նաև անանուն ահազանգներ ներկայացնելու հնարավորություն է ընձեռում: Այդ ահազանգերի իսկությունը ստուգելու և դրանց լուծումներ տալու համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փաստաբան Մարիամ Զադոյանը նշեց, որ այս ահազանգի կապակցությամբ գրություն է ուղարկվել Երևանի քաղաքապետարան, որին ի պատասխան Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Ա. Եդոյանը նշել է, որ նախորդ տարիներին ընդունած որոշումներով Երևանի ավագանին սահմանում էր տեղական տուրքերի դրույքաչափեր՝ անկախ շենքի կամ շինության զբաղեցրած մակերեսից, կիրառելով միայն գոտիավորման սկզբունքը՝ հիմք ընդունելով որոշման ընդունման պահին գործող խմբագրությամբ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի դրույթները, որի արդյուքում, օրինակ՝ նույն գոտում գտնվող փոքր առևտրի օբյեկտների և խոշոր սուպերմարկետները համապատասխան թույլտվության տրամադրման դիմաց վճարում էին նույն չափի տեղական տուրքի դրույքաչափը:

«Նշված օրենքում 2016 թվականի ընթացքում կատարված փոփոխությունների արդյունքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվությունների տրամադրումն ուղղակիորեն կապվել է շինության զբաղեցրած ընդհանուր մակերեսից՝ նպատակ ունենալով առավել նպաստավոր պայմաններ ստեղծել փոքր և միջին ձեռնարկատերերի համար»,- նշված է Երևանի քաղաքապետրանի պաշտոնական պատասխանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել