Ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատաժամանակի ռեժիմը և հանգստի ժամանակը որոշվում են` հաշվի առնելով ուսումնական հաստատությունների աշխատանքային առանձնահատկությունները: Իրենց պարտականություններն աշխատանքային օրվա ընթացքում անընդմեջ իրականացնող դասախոսներին, մանկավարժներին և դաստիարակներին սնվելու համար ընդմիջում տրամադրվում է սովորողների, սաների հետ միաժամանակ: Դասավանդողների ուսումնական պարապմունքների տևողությունը, ինչպես նաև դրանց միջև ընդմիջումները (դասամիջոցները) նախատեսվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ կամ ներքին կանոնակարգով: Դասավանդման տևողությունը չի կարող գերազանցել 45 րոպեն: Դասավանդողը դասացուցակով ազատ ժամերը կարող է օգտագործել իր մասնագիտական որակավորման բարձրացման, ինքնաուսուցման և այլ պարապմունքների նախապատրաստման համար, որը ներառվում է աշխատաժամանակում: Առաջին դասարանի դասավանդողների աշխատաժամանակի և հանգստի ռեժիմը որոշվում է ուսումնական տարվա սկզբում` ուսումնական պլանի համաձայն, հաշվի առնելով հանրակրթական հաստատություններում սովորելու առանձնահատկությունները: Ուսումնական հաստատությունների սովորողների աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդների ժամանակահատվածները, որոնք չեն համընկնում դասավանդողի ամենամյա վճարովի հիմնական և լրացուցիչ արձակուրդների հետ համարվում են աշխատաժամանակ: Համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով սովորողների, սաների ուսումնական պարապմունքները դադարեցնելու ժամանակահատվածը կրթական հաստատությունների դասավանդողների և այլ աշխատողների համար համարվում է աշխատաժամանակ: Ամենամյա արձակուրդի հետ չհամընկնող արձակուրդի ժամանակահատվածում դասավանդողներն այլ վայրում` առողջարարական ճամբարներում, երկարատև արշավներում, արշավախմբերում, էքսկուրսիաներում կարող են ներգրավվել դասավանդողի համաձայնությամբ: Նախադպրոցական կրթական հաստատություններում (խմբերում) սաների 12 ժամ մնալու և 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, որտեղ սաների յուրաքանչյուր խմբի համար նախատեսված է դաստիարակի երկուական պաշտոն, աշխատաժամանակի ռեժիմը որոշվում է` հաշվի առնելով յուրաքանչյուր դաստիարակի կողմից դասավանդման աշխատանքի կատարումը` յուրաքանչյուր շաբաթ 36 ժամվա հաշվարկով: Աշխատաժամանակի կրճատ տևողություն սահմանվում է մանկավարժական աշխատանքի կատարման համար հետևյալ առանձնահատուկ պայմաններում`
- շաբաթական 22 ժամ մանկավարժական աշխատանք` դասավանդող լոգոպեդների և դասավանդող դեֆեկտոլոգների, հատուկ մանկավարժական օգնություն ցուցաբերող դասավանդողների,
- շաբաթական 24 ժամ մանկավարժական աշխատանք` երաժշտություն դասավանդողների,
- շաբաթական 30 ժամ մանկավարժական աշխատանք` բուժական ֆիզկուլտուրայի գծով հրահանգիչների,
- շաբաթական 30 ժամ մանկավարժական աշխատանք` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների դաստիարակների,
- շաբաթական 30 ժամ մանկավարժական աշխատանք` գիշերօթիկ դպրոցների, մանկատների, հանրակրթական հաստատությունների երկարօրյա խմբերի դաստիարակների,
- շաբաթական 36 ժամ մանկավարժական աշխատանք` երկարատև բուժման ու խնամքի կարիք ունեցող երեխաների և ընդհանուր տիպի հաստատությունների դաստիարակների,
- շաբաթական 36 ժամ մանկավարժական աշխատանք` նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների համար: