Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից ներկայացված առաջարկություններն ընդունվել են և օրենքում փոփոխություններ են կատարվել

2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունվել էր «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-32-Ն), ինչպես նաև կատարվել են համապատասխան փոփոխություններ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, որոնց համաձայն ուժը կորցրած են ճանաչվել իրավաբանական անձանց միություններին վերաբերող հոդվածները:

Խնդիրն այն էր, որ գործնականում դժվարություններ էին ծագում իրավաբանական անձանց միությունների կողմից` որպես հասարակական կազմակերպություններ վերագրանցման ընթացակարգում։ Մասնավորապես, գործող օրենսդրությամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով նախատեսված պահանջների համաձայն՝ իրավաբանական անձանց միություններին անհրաժեշտ է ներկայացնել, ի թիվս այլ փաստաթղթերի, նաև՝ գույքի, այլ գույքային իրավունքների ու պարտավորությունների վերաբերյալ փոխանցման ակտ, ինչպես նաև՝ իրավաբանական անձանց միության անդամ բոլոր իրավաբանական անձանց լիազորված մարմինների որոշումներ։ Բացի դրանից, որպես հասարակական կազմակերպություն վերակազմավորման վերջնաժամկետ էր նախատեսված սույն թվականի փետրվարի 4-ը։

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ  իրականացվում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը` Եվրոպական Միության ֆինանսավորմամբ:

Ծրագրի շրջանակներում, Իրավաբանների հայկական ասոցիացիան, գիտակցելով, թե որքան անհամաչափ բեռ է ընկնում իրավաբանական անձանց միությունների ուսերին, նախաձեռնել էր օրենսդրական բարեփոխումների գործընթաց, մասնավորապես՝  դեռևս 2017 թվականի սեպտեմբեր ամսին, ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացրել էր օրենսդրական փոփոխությունների նախագիծ, իսկ այնուհետև՝ 2017 թվականիի նոյեմբերի 24-ին, կազմակերպել էր սեմինար-քննարկում` նվիրված իրավաբանական անձանց միությունների կողմից որպես հասարակական կազմակերպություններ վերագրանցման գործընթացի ժամանակ ծագող խնդիրներին: Քննարկմանը մասնակցում էին բոլոր շահագրգիռ կողմերը` ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ղեկավարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը և ներկայացուցիչներ դաշտում գործող հիմնական դերակատար ԻԱՄ-ներից։ Այս քննարկումից հետո ևս Իրավաբանների հայկական ասոցիացիան ներկայացրել էր օրենսդրական փոփոխություններ առաջարկություններ և ՀՀ ազգային ժողով, և՝ ՀՀ արդարադատության նախարարություն։

Բացի դրանից, Իրավաբանների հայկական ասոցիացիան, մատուցելով անվճար իրավաբանական խորհրդատվություն հասարակական կազմակերպություններին և աջակցելով վերջիններիս նոր խմբագրությամբ կանոնադրությունների գրանցման գործընթացին, քաջածանոթ է նաև այդ ոլորտում ծագող ռիսկերին, որոնք ևս բարձրաձայնում է։

Վերոնշյալի արդյունքում Ազգային ժողովի և արդարադատության նախարարության կողմից մշակվեցին «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծերը։ Սույն թվականի հունվարի 16-ին այս նախագծերն ընդունվել են ամբողջությամբ, որոնց արդյունքում ընդունվել են Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներքոշարադրյալ առաջարկությունները, որի շնորհիվ իրավաբանական անձանց միությունների վերակազմավորման գործընթացը զգալիորեն կդյուրինանա․

  • Իրավաբանական անձանց միությունների կողմից որպես հասարակական կազմակերպության վերակազմավորման ժամկետը 2 տարի ժամկետով երկարացվել է՝ մինչև 2020 թվական,
  • Գույքի, այլ գույքային իրավունքների ու պարտավորությունների վերաբերյալ փոխանցման ակտ ներկայացնելու պահանջը դուրս է եկել,
  • Իրավաբանական անձանց միության անդամ բոլոր իրավաբանական անձանց լիազորված մարմինների կողմից որոշումներ ներկայացնելու պահանջը դուրս է եկել,
  • Հասարակական կազմակերպության գտնվելու վայրի փոփոխման դեպքում այդ մասին Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնելու պահանջը դուրս է եկել։

Իրավաբանների հայկական ասոցիացիան հայտնում է, որ առավել մատչելի ներկայացնելու են, թե ինչ քայլերով է իրականացվելու ԻԱՄ-ների վերակազմավորման գործընթացը։ Եվ ցանկություն ունեցողներին հրավիրում են Իրավաբանների հայկական ասոցիացիայի կենտրոնական գրասենյակ, հունվարի 25-ին՝ ժամը՝ 11.00-ին։ Խնդրում ենք մինչև այսօր՝ 16.00-ն, պատասխան նամակով տեղեկացնել Ձեր մասնակցության մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել