Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածի՝ երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:Երաշխավորության պայմանագիրը կարող է կնքվել նաև ապագայում ծագելիք պարտավորության ապահովման համար:
Երաշխավորության պայմանագիրը պետք է կնքվի գրավոր: Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է երաշխավորության պայմանագրի անվավերությանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածով սահմանվում է երաշխավորի պատասխանատվությունը, մասնավորապես՝
1. Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում երաշխավորը և պարտապանը պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատասխանատվություն, եթե երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով:
2. Երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը` ներառյալ տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած` պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով:
3. Համատեղ երաշխավորություն ստանձնած անձինք պարտատիրոջ առջև պատասխանատվություն են կրում համապարտ, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով:
Համաձայն ՀՀ քաղաքացիակն օրենսգրքի 382-րդ հոդվածի՝ երաշխավորությունը դադարում է`
1) դրանով ապահովված պարտավորությունը դադարելու, ինչպես նաև առանց երաշխավորի համաձայնության պարտավորությունը փոփոխելու դեպքում, որը հանգեցրել է նրա պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար այլ անբարենպաստ հետևանքների.
2) երաշխավորությամբ ապահովված պարտավորությամբ պարտքն այլ անձի փոխանցելով, եթե երաշխավորը պարտատիրոջը համաձայնություն չի տվել պատասխանատվություն կրել նոր պարտապանի համար.
3) եթե պարտատերը հրաժարվել է ընդունել պարտապանի կամ երաշխավորի առաջարկած պատշաճ կատարումը.
4) երաշխավորության պայմանագրում նշված ժամկետի ավարտով, որով այն տրվել է: Նման ժամկետի բացակայության դեպքում երաշխավորությունը դադարում է, եթե պարտատերը, երաշխավորությամբ ապահովված պարտավորության կատարման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, երաշխավորի դեմ հայց չի հարուցել: Այն դեպքերում, երբ հիմնական պարտավորության կատարման ժամկետը նշված չէ և չի կարող որոշվել կամ որոշվել է պահանջի պահով, երաշխավորությունը դադարում է, եթե պարտատերը երաշխավորության պայմանագիր կնքելու օրվանից երկու տարվա ընթացքում երաշխավորի դեմ հայց չի հարուցել: