2017 թվականի ապրիլի 5-ին հատուկ քննչական ծառայությունում գործ է հարուցվել՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ հոդվածով:
2017 թվականի հունիսի 2-ի որոշմամբ ԱՆ քրեակատարողական վարչության «Հրազդան» ՔԿ հիմնարկի օպերատիվ խմբի ղեկավար Վահե Ախոյանը որպես մեղադրյալ է ներգրավել : Նա մեղադրվում է 727.600 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ: Բացի այդ, ենթադրվում է, որ նա ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափերով’ 24.280.500 ՀՀ դրամին համարժեք 50.000 ԱՄՆ դոլար կաշառք տալ իրավասու պաշտոնատար անձին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներում:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ նա «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Ալեն Մանուկյանին քրեակատարողական հիմնարկի պետի կողմից՝ նրա լիազորությունների շրջանակում, հիմնարկի չվարձատրվող աշխատանքներում ներգրավելուն նպաստելու համար պահանջել է խոշոր չափերով 727.600 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար կաշառք նրա քրոջից և մորից:
Ենթադրվում է, որ գումարը ստանալուց հետո Վահե Ախոյանի միջնորդությամբ Ալեն Մանուկյանը ներգրավվել էր նույն քրեակատարողական հիմնարկի չվարձատրվող աշխատանքներում:
Դրանից բացի, Վահե Ախոյանը Ալեն Մանուկանին պատժի կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու համար համոզել է նրա հարազատներին 24.280.500 դրամին համարժեք 50.000 ԱՄՆ դոլար կաշառք տալ իր հետ անհրաժեշտ կապեր ունեցող իրավասու պաշտոնատար անձին, ինչին նրանք համաձայնվել են:
Սակայն Ալեն Մանուկյանին տվել է 339.927 ՀՀ դրամին համարժեք 700 ԱՄՆ դոլար, որը ենթադրաբար Վահե Ախոյանը խաբեության եղանակով հափշտակել է:
«Նախաքննության ընթացքում Ժ.Մանուկյանին, Ա.Մանուկյանին և Լ.Մանուկյանի նկատմամբ որպես մեղադրյալ ներգրավելու որոշումներ չեն կայացվել, ավելին՝ վարույթն իրականացնող մարմնի ցանկությամբ Ժ.Մանուկյանը 2017 թվականի հոկտեմբերի 10-ին լքել է ՀՀ սահմանը և մեկնել ԱՄՆ»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է Վահե Ախոյանի պաշտպանը՝ Էդգար Արամյանը:
Նրա խոսքով՝ Վ.Ախոյանին որպես մեղադրյալ ներգրավելու և գործն անջատելու որոշումներից պարզ է դառնում, որ նախաքննության ընթացքում Ժ., Ա. և Լ. Մանուկյանների նկատմամբ վարույթն իրականացնող մարմինը պետք է որպես մեղադրյալ ներգրավելու որոշում կայացներ կաշառք տալու մասով, սակայն չի արել և փաստացի վերջիններիս ապօրինի ազատել է քրեական պատասխանատվությունից:
«Չնայած այն հանգամանքին, որ գործն անջատելու որոշումից պարզ չէ, թե Վ.Ախոյանի գործը անջատելուց հետո վարույթն իրականացնող մարմնի վարույթում ինչ քրեական գործ է շարունակել քննվելու, այնուամենայնիվ քրեական գործի նյութերից պարզ է, որ քննվող քրեական գործով անցնելու են նաև Ժ., Ալեն և Լ. Մանուկյանները և վերջիններիս արարքներին իրավական գնահատական է տրվելու Վ.Ախոյանի վերաբերյալ քրեական գործով դատավճիռ կայացնելուց հետո: Նշված քայլով վարույթն իրականացնող մարմինը խտրական վերաբերմունք է ցուցաբերել վերջիններիս նկատմամբ և վերջիններիս ապօրինի ազատել է քրեական պատասխանատվությունից»,-նշում է փաստաբանը:
Նշենք նաև, որ բացի այդ Ալեն Մանուկյանը անցնում է ՀՔԾ-ում քննվող մի քանի քրեական գործերով նույնպես որպես վկա: Նշված գործերից մեկն էլ Հրազդան ՔԿՀ աշխատակից Էդգար Ասատրյանի գործն է, որը մեղադրվում է Ա.Մանուկյանից կաշառք պահանջելու և պաշտոնեական կեղծիքի մեջ:
Եվգենյա Համբարձումյան