«Ելք» դաշինքի կողմից ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրվել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը: Այս մասին հունվարի 14-ին հայտարարություն էր տարածել խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Հունվարի 19-ին ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացանք, որ Հայաստանի hանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի հունվարի 18-ի նիստում կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը: Նախագահը Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկել է համաձայնություն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու որպես ՀՀ նախագահի թեկնածու։
Իրավաբան.net–ը ներկայացնում է ՀՀ նախագահի թեկնածուների հայտարարագրած գույքն ու եկամուտները՝ պաշտոնը ստանձնելու պահին:
Այսպիսով, ԱԺ պատագամավորն իր պարտականությունները ստանձնել է 2017-ի մայիսի 18-ին։ Այդ օրվա դրությամբ Արտակ Զեյնալյանը որպես անշարժ գույք է հայտարարագրել 3 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում:
Ա.Զեյնալյանի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են շուրջ 4,5 միլիոն դրամ, մոտ 20 հազար դոլար և 2.300 եվրո:
Պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված նրա եկամուտները կազմել են շուրջ 2 միլիոն 765 հազար դրամ:
Այս եկամուտը ստացվել է ձեռնարկատիրական գործունեությունից, 4 տարբեր աշխատատեղերից, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից և կենսաթոշակից:
Արտակ Զեյնալյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ՝ այստեղ:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը պաշտոնը ստանձնել է 2013 թ-ի սեպտեմբերի 27-ին։ Այդ պահի դրությամբ դեսպանը որպես անշարժ գույք է հայտարարագրել 3 անհատական բնակելի տուն, 2 բնակարան։ Նրա դրամական միջոցները` այդ օրվա դրությամբ կազմել են 8 միլիոն եվրո։
Ներկայացված տարեկան հայտարարագրերից տեղեկանում ենք, որ
- 2014-ին Արմեն Սարգսյանը ձեռք է բերել Range Rover 4.4 L V8 մակնիշի ավտոմենքենա՝ 70․000 ֆունտ ստեռլինգով (շուրջ 47 միլիոն դրամ): Հարկային տարվա վերջին նրա դրամական միջոցները կազմել են 7 միլիոն 600 հազար եվրո։
- 2015-ին նրա դրամական միջոցները նվազել են՝ կազմելով 6 միլիոն 150 հազար եվրո,
- 2016-ին՝ 5 միլիոն 700 հազար եվրո։
Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, 2013 թվականի տարեսկզբին հայտարարագրել է 950 հազար եվրո դրամական միջոցներ, իսկ տարեվերջին՝ 930 հազար եվրո։ Տարեկան հայտարարագրերից պարզ է դառնում, որ տարիների ընթացքում դրամական միջոցները գնալով նվազել են՝ կազմելով՝
- 2014-ին՝ 900 հազար եվրո,
- 2015-ին՝ 850 հազար եվրո
- 2016-ին 780 հազար եվրո։
Ալիսա Չիլինգարյան