Փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար ՀՀ համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Սա սահմանվում է Հարկային օրեսգրքի 242-րդ հոդվածով:
Ո՞ր փոխադրամիջոցներն են հարկվում.
- ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը.
- ջրային փոխադրամիջոցը (շարժիչով աշխատող).
- մոտոցիկլետը.
- ձյունագնացը.
- մոտոամենագնացը (քվադրոցիկլը):
Ո՞վքեր են փոխադրամիջոցների գույքահարկ վճարողները.
Փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:
Եթե հարկման օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա փոխադրամիջոցների գույքահարկի գծով սույն բաժնով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն:
Եթե հարկման օբյեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա փոխադրամիջոցների գույքահարկի գծով սույն բաժնով սահմանված պարտավորությունների համար նրանք պատասխանատվություն են կրում յուրաքանչյուրն իր բաժնի չափով: