Հայաստանի քաղհասարակությունը կստանա 1.74 մլն եվրո նոր ծրագրերի համար

Եվրոպական միությունը շարունակում է աջակցել Հայաստանում քաղաքացիական հասարակությանը՝ մարդու իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունը խթանելու նպատակով։ Այս շրջանակում այսօր՝ հունվարի 19-ին  Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և քաղաքացիական հասարակության հինգ կազմակերպության ներկայացուցիչներ ստորագրեցին հինգ նոր դրամաշնորհային պայմանագիր:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Լինե Ուրբանը։ Նա ներկայացրեց ծրագրի մասնակիցներին և խոսքը փոխանցեց ԵՄ դեսպանին։

ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ողջույնի իր խոսքում նշեց. «ԵՄ պատվիրակությունը մեկնարկում է հանրային կարևորության հինգ նոր ծրագիր՝ ուղղված քաղաքացիական հասարակության զարգացմանը՝ քաղաքացիներին ներգրավելով  կառավարման և մարդու իրավունքների ոլորտի տարբեր գործողություններում: Ես լիահույս եմ, որ այս նոր ծրագրերը կխրախուսեն ավելի մեծ թվով երիտասարդներին ու հասարակ քաղաքացիներին ներգրավվել Հայաստանում մի շարք կարևոր հանրային քննարկումների մեջ:

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկի

Այս հինգ նոր ծրագրերն ընդգրկում են բազմազան ոլորտներ՝ փակ հաստատություններում մարդու իրավունքներին առնչվող երիտասարդությանը վերաբերող հարցեր, կանանց կողմից ղեկավարվող կազմակերպություններին ու պետական քաղաքականությանն առնչվող հարցեր, բյուջեի կատարմանն, ինչպես նաև էներգիայի ծախսերի կրճատման հարցեր: Այսպիսով, անկախ Ձեր հետաքրքրությունից այս ծրագրերը վերաբերում են յուրաքանչյուրին»:

Հանդիպմանը ներկա էին 5 ընկերությունների ներկայացյուցիչները՝ Արփինե Բաղդոյանը (Մերձավոր Արևելք հիմնադրամ), Լարիսա Մինասյանը (Բաց հասարակության ինստիտուտ), Սեդա Մուրադյանը (Հանրային լրագրության ակումբ), Շուշան Դոյդոյանը (Ինֆորմացիայի ազատության կենտրոն) և Արա Նազինյանը (Ազգային ասոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամ)։

Հինգ ծրագրերից երկուսը կարծարծեն մարդու իրավունքների խնդիրները․ մեկը` կաշխատի երիտասարդ լրագրողների և երիտասարդական կազմակերպությունների հետ մարդու իրավունքների մշտադիտարկման և հաշվետվությունների առումով գիտելիքիների մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև  մարդու իրավունքները խթանելու նպատակով: Երկրորդ ծրագրի միջոցով կթարմացվեն և կընդլայնվեն փակ հաստատություններում, օրինակ կալանավայրերում, հոգեկան առողջության խնդիրներով մարդկանց համար նախատեսված հաստատություններում և նախնական կալանքի կենտրոններում մարդու իրավունքներին վերաբերող իրավիճակի գնահատումները:

Երրորդ և չորրորդ ծրագրերը Հայաստանի քաղաքացիներին ուղղված ավելի լավ տեղեկատվական հոսքեր կստեղծեն բյուջեի կատարման կարևորագույն հարցերի, ինչպես նաև նոր տեխնոլոգիաներում փոքր ներդրումների միջոցով բնակարանների և առանձնատների բնակիչների համար էներգիայի ծախսերի կրճատման մասին: Հինգերորդ ծրագիրը կապահովի աջակցություն ավելի քան 600 խոցելի կանանց համար` կանանց կազմակերպությունների կողմից ղեկավարվող սոցիալական ձեռնարկությունները բարելավելու միջոցով:

Նշենք, որ ծրագրերը նշանավորում են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության կողմից 2017թ-ի նոյեմբերի 25-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում մատնանշված և հաստատված հիմնական արժեքները:

լուսանկարները՝ Ալիսա Չիլինգարյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել