Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի հրամանագրով պետական մրցանակների արժանացած անձանց մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մի շարք բնագավառներում Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական մրցանակները շնորհվել են` հիմք ընդունելով «ՀՀ պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՀՀ Նախագահի հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները:
Լավագույն ստեղծագործությունները և աշխատանքները գնահատելու, ինչպես նաև հեղինակներին խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական մրցանակներ են շնորհվել գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառներում:
Սերժ Սարգսյանը մրցանակներ է հանձնել․
1. Գրականության և արվեստի բնագավառում՝
1) գրականության և հրապարակախոսության ոլորտում՝ Գուրգեն Խանջյանին՝ «Տուր ձեռքդ, պստլո» գրքի համար.
2) երաժշտության ոլորտում՝ Էդուարդ Հայրապետյանին՝ «Կոնցերտ դաշնամուրի համար սիմֆոնիկ նվագախմբի հետ» ստեղծագործության համար.
3) կինոարվեստի ոլորտում՝ Մհեր Մկրտչյանին (ռեժիսոր), Վահագն Հակոբյանին (բեմադրող օպերատոր), Սամվել Թադևոսյանին (դերասան), Ռուբեն Ջաղինյան (պրոդյուսեր) և Կարեն Ղազարյանին (պրոդյուսեր)՝ «Կյանք ու կռիվ» (երկու մասից) խաղարկային ֆիլմի համար:
2. Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում՝
Սարգիս Սարդարյանին (ճարտարապետ), Ռուզաննա Մամյանին (ճարտարապետ), Լևոն Ազնաուրյանին (ճարտարագետ, հետմահու) և Սուրեն Հակոբյանին (շինարար)՝ Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոնի համալիրի համար:
3. Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում՝
Համլետ Ավետիսյանին՝ «Ռելյատիվիստիկ ոչ գծային էլեկտրադինամիկա. Քվանտէլեկտրադինամիկական վակուումը և մատերիան գերհզոր ճառագայթային դաշտերում» (անգլերեն) աշխատանքի համար: