«Ելք» խմբակցության անդամներ Էդմոն Մարուքյանը, Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը, Գևորգ Գորգիսյանը և Արտակ Զեյնալյանը ներկայացրել են «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծ:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ առաջարկվում է ոլորտը կարգավորող լիազոր մարմնի (ֆինանսների նախարարություն) որոշումով ստուգվեն խաղասրահ մուտք գործող անձի անձնագիրը, կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը. «Գործող օրենսդրությամբ, մինչեւ 21 տարեկան ֆիզիկական անձինք իրավունք չունեն մտնել խաղատան տարածք, խաղադրույքներ կատարել, սակայն մենք որևէ ընթացակարգ չունենք, որ խաղասրահը ինքը հսկի տարածքը և պատասխանատվություն կրի դրա համար: Հիմա սահմանում ենք, որ անձնագիրը պետք է ստուգվի»:
Առաջարկվում է նաև, որ եթե անձը դատարանի վճռով մոլախաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ է ճանաչվել, լիազոր մարմինը՝ ֆինանսների նախարարությունը, պետք է վարի տվյալների բազան և այդ մարդկանց մուտքն արգելվի խաղատունը:
Նախագծում ևս մի դրույթ է նախատեսվել, որը կառավարության հետ քննարկելուց հետո հանվել է, սակայն հետագայում նորից կառաջարկեն:
«Խոսքը հետևյալի մասին է. անձը եթե ունի թուլություն՝ գնալ խաղատներում գումարներ տանուլ տալ, բայց հետո գիտակցում է, որ իրեն ու իր ընտանիքին ծանր վիճակի մեջ է դրել, մենք առաջարկում էինք, որ նա հնարավորություն ունենա գնալ ֆինանսների նախարարություն, հայտարարություն տալ, որ ինքն իրեն արգելում է մուտք գործել ՀՀ տարածքում ցանկացած խաղատուն: Դրանից հետո նրան թույլ չէին տա մուտք գործել խաղատուն ու պարտվել: Կառավարությունը դեմ է եղել այդ առաջարկին, որովհետև ասում են՝ անձն իրավունք չունի ինքն իրեն սահմանափակ գործունակ ճանաչել»,-նշել է պատգամավորը:
Եթե ամեն դեպքում անձին, որին արգելվել է խաղատուն մուտք գործել, հայտնվում է խաղասրահում, ապա խաղատան սեփականատերը տուգանվում է 500 հազար դրամով:
Պատգամավոր Արմամ Սաղաթելյանն էլ նկատեց, որ խաղադրույքների, շահումով խաղերի գերակշիռ մասը կատարվում են համացանցով: Ի՞նչ է նախատեսվում այս մասով:
«Դրա մասին այս նախագծում ոչինչ չկա, սակայն միջազգային փորձի ուսումնասիրությամբ նոր առաջարկներ կլինեն»,-նշեց Էդմոն Մարուքյանը: