2017 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված՝ ՀՀ հարկային օրենսգրքում(այսուհետ՝ օրենսգիրք) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքով վերանայվել է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման համակարգը, մասնավորապես սահմանվել են որոշակի սահմանափակումներ նշյալ համակարգից օգտվելու համար:
Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է՝
1.ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից,
2.պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու,
3.ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքերում՝
ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից (ՀՀ-ում ստեղծված, գրանցված, հաշվառված կազմակերպություններ, օրինակ՝ բանկ, վարկային կազմակերպություն) 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով:
ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով վերադարձման ենթակա եկամտային հարկը վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց չի վերադարձվում եթե՝
1) բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը գերազանցում է 55 միլիոն դրամը.
2) հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիպոտեկային վարկի վարկառուին և առկայության դեպքում համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 1.5 միլիոն դրամը.
3) հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք իրենց ընտրությամբ կարող են օգտվել միայն մեկ հիպոտեկային վարկի պայմանագրի մասով:
3.եկամտային հարկի փոխհատուցվող գումարները վերադարձվում են`
1) վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ենթակա են վերադարձման եռամսյակային պարբերականությամբ.
2) հարկային գործակալի միջոցով հարկային պարտավորությունները կատարող վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ենթակա են վերադարձման, եթե հարկային գործակալն ամբողջությամբ կատարել է տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը.
3) հարկային գործակալ չունեցող վարձու աշխատող ֆիզիկական անձանց ենթակա են վերադարձման, եթե վարձու աշխատողն ամբողջությամբ կատարել է տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի պարզեցված հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը:
4) սահմանված գումարներից վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց վերադարձման ենթակա գումարների առավելագույն չափերը որոշելիս հարկային տարվա եռամսյակները դիտարկվում են առանձին-առանձին:
Սահմանված գումարները վերադարձնելուց հետո հարկային մարմին է ներկայացվում եկամտային հարկի ճշտված (պարզեցված) հաշվարկ, կամ ստուգման արդյունքում կամ դատարանի որոշման հիման վրա փոխվում է հարկային մարմին ներկայացված հաշվարկով տվյալ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը, որի արդյունքում`
1) համապատասխան եռամսյակի ամիսների համար հարկային գործակալի կողմից՝ տվյալ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի մասով կամ հարկային գործակալ չունեցող վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի (պարզեցված) հաշվարկներով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով նախկինում հայտարարագրված եկամտային հարկի պարտավորությունը նվազում է ֆիզիկական անձին վերադարձված եկամտային հարկի գումարից, ապա փաստացի վերադարձված եկամտային հարկի գումարի և եկամտային հարկի գծով ճշտված հարկային պարտավորության տարբերության չափով եկամտային հարկի վերադարձման օրվա դրությամբ հարկային գործակալին կամ հարկային գործակալ չունեցող վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձին առաջադրվում է եկամտային հարկի գծով պարտավորություն.
2) համապատասխան եռամսյակի ամիսների համար հարկային գործակալի կողմից՝ տվյալ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի մասով, կամ հարկային գործակալ չունեցող վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի (պարզեցված) հաշվարկներով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով նախկինում հայտարարագրված եկամտային հարկի պարտավորությունն ավելանում է, ապա կատարվում է վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձին, սույն հոդվածի համաձայն, եկամտային հարկի վերադարձվող գումարի վերահաշվարկ:
Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը վարում է կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի, անհատական բնակելի տների ռեեստրը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկություններ է տրամադրում հարկային մարմնին: