Առաջին ընթերցմամբ ընդունվեց միասնական երթուղային ցանց ունենալու վերաբերյալ օրենսդրական փաթեթը

Այսօր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ  օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նոր օրենքները։

Այս օրենքի ուժի մեջ մտնելու դեպքում նախատեսվում է ունենալ ներհամայնքային միասնական երթուղային ցանց։ Նշենք, որ պատգամավոր Արտակ Զեյնալյանը մինչ քվերակությունը նշեց, որ նախագիծը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, այդ իսկ պատճառով «Ելք» խմբակցությունը կողմ չի քվերակի դրան։

Օրենսդրական փաթեթի հիմնավորման մեջ նշվում է, որ հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց, որի շրջանակներում հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ ուղեւորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետեւ դեպի Երեւան:

Միասնական երթուղային ցանց ձեւավորելու համար անհրաժեշտ է միավորել միջմարզային եւ ներմարզային երթուղային ցանցերը: Երթուղիների սպասարկման մրցույթներն իրականացնել մեկ փաթեթով, որը կներառի մարզկենտրոնից կամ մարզի խոշոր համայնքից դեպի մյուս համայնքները երթուղիների մրցույթները մեկ փաթեթով:

Արդյունքում կընտրվի մեկ կամ երկու փոխադրող յուրաքանչյուր մարզի համար, որը կսպասարկի մարզի բոլոր երթուղիները: Հնարավոր կլինի ներդնել միասնական տոմսային համակարգ եւ տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ:

Դրա համար անհրաժեշտ է սահմանել երթուղային ցանց հասկացությունը եւ օրենսդրական կարգավորել դրա կազմակերպման հիմնադրույթները:

Հաշվի առնելով, որ միասնական երթուղային ցանցի ձեւավորումը նպատակահարմար է վերապահել տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնին, ուստի միջմարզային երթուղային ցանցի հետ միաժամանակ ներմարզային երթուղային ցանցերի կազմակերպմումը նույնպես պետք է իրականացնի լիազոր մարմինը` համաձայնեցնելով համապատասխան տարածքային կառավարման մարմնի հետ, մրցութային հանձնաժողովում ներգրավելով տարածքային կառավարման մարմնի ներկայացուցիչներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել