Կերակրողին կորցնելու դեպքում ի՞նչ իրավուննքեր ունի ընտանիքը

Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունի մահացած կերակրողի՝ կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող՝

1) 18 տարին չլրացած երեխան՝ մինչև 18 տարին լրանալը.

2) առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակը՝ մինչև 23 տարին լրանալը.

3) ամուսինը կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը` եթե նա զբաղված է մահացած կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով նպաստի իրավունք ունեցող երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում:

Կերակրողին կորցնելու դեպքում նպաստ է նշանակվում ընտանիքի` այդ նպաստի իրավունքն ունեցող անդամներից յուրաքանչյուրին:

Կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար:

Կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անչափահասն այդ իրավունքը պահպանում է նաև որդեգրվելու դեպքում:

Խորթ որդին և խորթ դուստրը կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեն հարազատ որդուն և հարազատ դստերը հավասար:

Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեն նաև մահացած ճանաչված անձի ընտանիքի` սույն հոդվածում նշված անդամները: Մահացած ճանաչված անձի ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելիս այդ անձի մահվան օր է համարվում դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռում նշված մահվան օրը, իսկ եթե դատարանի վճռում նշված չէ անձի մահվան օրը, ապա նրան մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը:

 Կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը, նպաստը նշանակելը  

Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեցող անձը նպաստ ստանալու իրավունք ունի, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է տարածքային բաժին, և նրան նշանակվել է կերակրողին կորցնելու դեպքում նպաստ (այսուհետ՝ նաև նպաստառու):

Կերակրողին կորցնելու դեպքում նպաստը այդ նպաստի իրավունք ունեցող անձի, իսկ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է տարածքային բաժինը՝ ըստ նպաստի իրավունք ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեի (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա): Դիմումին կից ներկայացվում են նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները):

Կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակելու դիմումը ներկայացվում է անձամբ:

Բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում բնակվող անձին կերակրողին կորցնելու դեպքում նպաստ չի նշանակվում և չի վճարվում, բացառությամբ երեխաներին նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի:

Բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում (մանկատանը) բնակվող երեխային վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում նպաստի 50 տոկոսը: Այդ գումարները, մինչև երեխայի 18 տարեկան դառնալը կամ սահմանված կարգով պետական կազմակերպությունից հեռանալը, հաշվառվում և վճարվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Կերակրողին կորցնելու դեպքում նպաստը վճարվում է կենսաթոշակի համար սահմանված կարգով (այդ թվում՝ լիազորագրով):

Ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակվում և վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակվում է կերակրողի մահվան օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:

Վերը նշված ժամկետից հետո դիմելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու օրվանից:

Կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու, նպաստ վճարելը վերսկսելու և չվճարված նպաստի գումարը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր

Նպաստ նշանակելու, նպաստ վճարելը վերսկսելու և չվճարված նպաստի գումարը վճարելու համար անձը ներկայացնում է

  1. դիմում
  2.  անձը հաստատող փաստաթուղթ

Նպաստ նշանակելու համար անձը հաստատող փաստաթուղթ է`

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար (այդ թվում` երկքաղաքացիների)` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը.
  • Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` Հայաստանի Հանրապետության օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը.
  • Փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:

     3. Հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց հրաժարվող անձը ներկայացնում է բնակչության պետական ռեգիստրը վարող մարմնի տրամադրած՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը: Անձը հանրային ծառայությունների համարանիշի փոխարեն կարող է ներկայացնել նաև մինչև «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելն ստացած սոցիալական ապահովության քարտը:

Կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու համար անձը, բացի նշված փաստաթղթերից, ներկայացնում է նաև կերակրողի մահվան վկայականը կամ նրան մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը:

 Նպաստ նշանակելու, նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, նպաստ վճարելը վերսկսելու, չվճարված նպաստի գումարը վճարելու համար դիմելու դեպքում, բացի սույն ցանկով սահմանված փաստաթղթերից, ներկայացվում են նաև՝

 

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացին` հայտարարություն Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի չլինելու և Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններում (այսուհետ՝ համաձայնագրի մասնակից պետություն) իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին, իսկ համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին` նաև փաստաթուղթ այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին (հայտարարության և փաստաթղթի բնօրինակները պահվում են նպաստի գործում).

2) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին`

ա. օտարերկրյա պետության իրավասու պետական մարմնի տված` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագիրը,

բ. հայտարարություն համաձայնագրի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ լինելու մասին, իսկ համաձայնագրի մասնակից պետության քաղաքացի հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին` նաև փաստաթուղթ այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու կամ լինելու մասին (հայտարարության և փաստաթղթի բնօրինակները պահվում են նպաստի գործում).

3) օտարերկրյա քաղաքացին`

ա. օտարերկրյա պետության իրավասու պետական մարմնի տված` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագիրը,

բ. այլ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ լինելու մասին փաստաթուղթ, որի բնօրինակը պահվում է նպաստի գործում:

Վերը նշված ցանկով սահմանված` օտարերկրյա պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերը, բացառությամբ այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագրի և համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերի, ընդունվում են ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ` հայերեն թարգմանությամբ:

Համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերն ընդունվում են հայերեն թարգմանությամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաստաթղթերը ռուսերեն են: Փաստաթղթերի հայերեն թարգմանությունը պետք է վավերացրած լինի Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարը կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել