«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը նախատեսում է, որ երեխան իրավունք ունի բնակվել իր ծնողի սեփականությամբ կամ վարձակալության իրավունքով պատկանող բնակարանում: Դա իրավունք է, որը երեխան կարող է իրականացնել ցանկացած պարագայում՝ անգամ տվյալ ծնողի համաձայնության բացակայության դեպքում, նա անգամ կարող է նման պահանջով դատարան դիմել և ստանալ տվյալ բնակարանում ապրելու իրավունք:
Այս իրավունքը պետք է տարբերել, քանի որ նմանատիպ իրավունք կա նաև քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածով, որը ունի «Բնակելի տարածության օգտագործման իրավունք» ձևակերպումը, բայց դա ավելի շատ իրային իրավունք է, որը ծագում է որոշակի ձևականությունների պահպանման արդյունքում, պահանջվում է նոտարական վավերացմամբ պայմանագիր՝ բնակարանի սեփականատիրոջ և բնակարանի օգտագործման իրավունք ունեցող անձի միջև և նախատեսում է այդ իրավունքի դադարեցման որոշակի ընթացակարգ, այսինքն՝ փոխհատուցում վճարելու պարտականություն՝ որոշակի պայմաններով:
Երեխայի՝ ծնողի բնակարանում ապրելու իրավունքը նման երաշխիքներ չունի և, բնականաբար, դադարում է անձի չափահաս դառնալու փաստով և որևիցե փոխհատուցում կամ այլ իրավունք չի ենթադրում։ Այստեղ կա ավելի նվազ ապահոված իրավունք, քան քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածով նախատեսված իրավունք է: