Այսօր՝ հունվարի 13-ին, վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում առանձնազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արայիկ Խանդոյանի հետ: Այցերի ընթացքում ստուգվել են նաև նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը:
Ամենօրյա ռեժիմով Պաշտպանի աշխատակազմի կողմից իրավասության սահմաններում քայլեր են ձեռնարկվում Ա.Բիլյանի, Ս.Բարսեղյանի և Ա.Խանդոյանի բարձրացրած բոլոր հարցերի առնչությամբ` հացադուլի սկզբից:
Արմեն Բիլյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվելուց հետո ենթարկվել է բժշկական զննության, ստացել է հացադուլից դուրս գալուց հետո սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն:
Ներկայում գտնվում է թերապևտիկ բաժանմունքում և նրա նկատմամբ իրականացվում է վերականգնողական բուժում:
Երեկ կատարվել է ներերակային ներարկում, որը նախատեսվում է կատարել նաև այսօր: Ըստ բժշկի պարզաբանման՝ արյան զարկերակային ճնշումը ֆիզիոլոգիական վիճակին համապատասխան նորմայի սահմաններում է:
Առանձնազրույցի ընթացքում պարզվել է նաև, որ Արմեն Բիլյանը սնունդ ընդունում է բժիշկների, այդ թվում՝ իր բժշկի խորհրդատվությանը համապատասխան, ինքնազգացողությունը բավարար է:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձնազրույցի ընթացքում Սմբատ Բարսեղյանը տեղեկացրել է, որ ինքնազգացողությունը բավարար է, ունենում է մարմնի ընդհանուր թուլություն: Առողջական խնդիրների կապակցությամբ Սմբատ Բարսեղյանը բողոք կամ հարց չիներկայացրել:
Պաշտպանի ներկայացուցիչների այցից անմիջապես հետո նրան տեսակցել է բժիշկ: Պարզաբանվել է, որ արյան զարկերակային ճնշումը ֆիզիոլոգիական վիճակին համապատասխան նորմայի սահմաններում է:
Առանձնազրույցի ընթացքում Արայիկ Խանդոյանը հայտնել է, որ ունի երիկամների ցավ և գլխացավ: Մի շարք բժշկական հետազոտություններ կատարելու նպատակով Արայիկ Խանդոյանը երեկ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց:
Ա.Խանդոյանը ներկայացրել է նաև մի շարք այլ հարցեր, որոնց լուծմանը նպաստելու ուղղությամբ մեր կողմից ձեռնարկվում են հետևողական քայլեր:
Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի և Արայիկ Խանդոյանի առողջական վիճակի և նրանց իրավունքների ապահովմանն առնչվող բոլոր հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ամենօրյա ուշադրության կենտրոնում։