Կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով: Ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը սահմանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 164-րդ հոդվածով, որի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո, բացառությամբ համատեղությամբ աշխատողների: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:
Վերոգրյալից հետևում է, որ ամենամյա արձակուրդի տրամադրման ամիսը պետք է որոշվի կամ պայմանագրի համաձայն կամ կողմերի համաձայնությամբ: Եթե արձակուրդը ձևակերպվել է կամայական՝ առանց աշխատողի համաձայնության կամ առանց պայմանագրում այդ մասին համապատասխան նշման, ապա արձակուրդի ձևակերպումը տեղի է ունեցել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 164-րդ հոդվածի խախտմամբ:
Նման դեպքերի կարգավորմանն ուղղված հստակ կարգավորումներ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը չի նախատեսում, հետևաբար առաջացած վեճը կարող է լուծվել կամ բանակցությունների միջոցով կամ դատական կարգով: