Վկան քաղաքացիական, վարչական, քրեական, գործերի շրջանականերում ցուցմունքներ տալու նպատակով, կողմի, քրեական վարույթն իրականացնող մարմնի, դատարանի կողմից, կանչված անձն է, որին հայտնի են քաղաքացիական և վարչական վեճերի, ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող տեղեկություններ և հանգամանքներ, իսկ քրեական գործով հայտնի է պարզելու ենթակա որևէ հանգամանք:
Վկայի որպես դատավարության մասնակից իրավունքները և պարտականությունները, ամրագրված են ՀՀ Քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 44-րդ և 44.1-րդ հոդվածներով, Վարչական դատավարության Օրենսգրքի 32-36-րդ հոդվածներով, Քրեական դատավարության Օրենսգրքի 86-րդ հոդվածով:
Որպես վկա չեն կարող հարցաքննվել
- ներկայացուցիչը կամ փաստաբանը` այն փաստերի առնչությամբ, որոնք նրանց հայտնի են դարձել իրենց վստահորդին իրավաբանական ծառայություններ մատուցելիս.
- Մարդու իրավունքների պաշտպանը` գործի այն փաստերի առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել իր պարտականությունները կատարելիս.
- դատավորները, արբիտրները և հաշտարարները` որևէ գործի լուծման վերաբերյալ քննարկումների առնչությամբ.
- ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը` գործի այն հանգամանքների առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ:
- անձինք, որոնք ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով ունակ չեն ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով պարզելու ենթակա հանգամանքները.
- դատավորը, այդ թվում նաև՝ լիազորությունները դադարեցված, դատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը և դատական նիստի քարտուղարը` կապված այն քրեական գործի հետ, որում նրանք իրականացրել են իրենց դատավարական լիազորությունները, բացառությամբ տվյալ գործի վարույթի ընթացքում թույլ տրված սխալների և չարաշահումների քննության, նոր ի հայտ եկած հանգամանքներով տվյալ գործի նորոգման կամ կորցրած վարույթի վերականգնման դեպքերի.
Վկան պարտավոր է`
- ցուցմունքներ տալու, քննչական և այլ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելու համար ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.
- տալ ճշմարտացի ցուցմունքներ` հայտնել գործով իրեն ամբողջ հայտնի դարձածը և պատասխանել առաջադրված հարցերին, ստորագրությամբ հաստատել քննչական կամ այլ դատավարական գործողության, արձանագրության մեջ իր տված ցուցմունքների գրառումների ճշտությունը.
- քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով տրամադրել իր մոտ եղած առարկաները, փաստաթղթերը, ինչպես նաև նմուշներ` համեմատական հետազոտման համար.
- քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման.
- քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել արտահիվանդանոցային փորձաքննության` ստուգելու համար քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու նրա ունակությունը, եթե հիմքեր կան կասկածի տակ դնելու նրա այդպիսի ունակությունը.
- ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի կարգադրություններին.
- չմեկնել այլ վայր` առանց դատարանի թույլտվության կամ առանց քրեական հետապնդման մարմնին իր գտնվելու նոր վայրի մասին նախապես տեղեկացնելու.
- առանց նախագահողի թույլտվության չլքել դատական նիստերի դահլիճը կամ դատարանի շենքը.
- դատական նիստի ժամանակ պահպանել կարգուկանոն:
Վկան իրավունք ունի`
- իմանալ, թե որ գործով է կանչվում.
- հրաժարվել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց.
- հրաժարվել նյութեր և տեղեկություններ ներկայացնելուց, եթե դրանք քրեական գործով կարող են վկայել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների դեմ.
- ցուցմունքներ տալիս քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ օգտվել փաստաթղթերից և իր գրավոր նշումներից.
- ցուցմունքներ տալիս կազմել պլաններ, սխեմաներ և գծանկարներ.
- անձամբ շարադրել մինչդատական վարույթի ընթացքում տրվող իր ցուցմունքները.
- ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրությանը, ինչպես նաև համապատասխան մասով` դատական նիստի արձանագրությանը և իր ցուցմունքների գրառումների լրիվության և ճշտության հետ կապված դիտողություններ անել, որոնք մտցվում են արձանագրության մեջ.
- ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցում.
- հետ ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես իրեղեն ապացույց կամ այլ հիմքերով իրենից վերցված գույքը, իրեն պատկանող պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները:
- քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալ փաստաբանի հետ:
Վկայի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Գործով դատարանում վկայի կողմից սուտ ցուցմունք տալը կամ ցուցմունք տալուց հրաժարվելը առաջացնում է քրեական պատասխանատվություն։