ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնցից 3-ը վերաբերում են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպքերին:
Այսպես, Ս. Ի.-ն հաղորդում է տվել, որ Երևան քաղաքի գիշերային ակումբներից մեկում իր մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործով ցուցմունք է տվել, որ միջադեպի ժամանակ ինքն ու ակումբի այցելուներից երկու երիտասարդներ հայհոյել և հարվածներ են հասցրել միմյանց: Նախաքննության ընթացքում հիշյալ գործը քննող` ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչն իրեն հայտնել է, որ քրեական պատասխանատվության չենթարկվելու և գործը փակելու համար անհրաժեշտ է փոխել իր ցուցմունքները` վստահեցնելով, որ քրեական գործով անցնող մյուս անձինք նույնպես փոխելու են իրենց ցուցմունքները: Այդ նպատակով քննիչը Ս. Ի.-ի անունից նոր ցուցմունք է գրել, թե, իբր, ակումբում լուրջ վիճաբանություն տեղի չի ունեցել, և վերջինս, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նախկինում հայտնել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ:
Ես մեկ քրեական գործ էլ հարուցվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: Մասնավորապես, 13.12.2017թ.-ին կայացած դատական նիստի ընթացքում քրեական գործով վկա Է. Ս.-ն ցուցմունք է տվել, որ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հիշյալ քրեական գործով նախաքննության ժամանակ կատարված առերեսման ընթացքում Հ. Ա.-ն ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով` ծեծի է ենթարկել իրեն, սակայն քննիչը հրաժարվել է արձանագրել այդ հանգամանքը` պատճառաբանելով, որ շտապում է դեպքի վայր:
Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: Մասնավորապես, համաձայն քրեական գործի նյութերի, դատարանի կողմից 23.12.2014թ.-ին տրված կատարողական թերթով Գեղամ Տրանս ընկերությանը պարտավորեցվել է քանդել մեկ այլ ընկերությանը պատկանող` Արագածոտնի մարզում գտնվող հողատարածքի վրա կառուցած ինքնակամ շինությունները:
Հիշյալ կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿ ծառայության Արագածոտնի մարզային բաժնի հարկադիր կատարողը 03.08.2015թ.-ին հարուցել է կատարողական վարույթ, սակայն, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, տևական ժամանակ` ավելի քան 1 տարի 9 ամիս, կատարողական թերթի պահանջը կատարելու ուղղությամբ որևէ գործողություն չի իրականացրել, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պահանջատիրոջ իրավունքներին և օրինական շահերին: Բացի այդ, վերը նշված դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով հնարավոր չի եղել Գեղամ Տրանս ընկերության տնօրենին քրեական պատասխանատվության ենթարկել` վաղեմության ժամկետներն արդեն անցած լինելու պատճառով:
ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: