Եթե խանութում շրջելու ընթացքում պատահաբար դիպել եք դարակին, որի վրա դրված իրերից ինչ-որ բան անզգուշաբար կոտրվել է, ապա հավանական է, որ Դուք մեղավոր չեք և մի շտապեք վճարել դրա համար։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը։
«Այդպիսի դեպքերում խանութի ադմինիստրացիան պարտավոր է պահել անվտանգության կանոնները, քանզի գոյություն ունեն ապրանքի դասավորության հստակ ստանդարտներ, որոնք կարգավորվում են՝ ԳՕՍՏ 51773-2001-ով. օրինակ՝
- Դարակների վրա դրված մթերքներն անկայուն են։
- Դարակների միջև հեռավորությունը 1.4մ-ից քիչ է (մինչև 100 քմ մակերեսով խանութներում) կամ 1.6մ – 100-150քմ, 2 մ – 150-400քմ, քիչ է 2.5մ-ից (մինչև 400 քմ մակերեսով խանութներում)։
- Հատակը սահուն էր։
- Անցումը փակված էր տուփերով կամ ապրանքի կույտերով։
- Ապրանքը կոտրվել է դրամարկղի ժապավենի վրայից ընկնելով։
Իրավաբանը՝ հղում կատարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածին՝ վնասի հատուցման մասին, նշում է, որ, այնուամենայնիվ, վնաս պատճառելը պետք է հատուցվի, եթե այն միտումնավոր է արված:
«Եթե միտումնավոր չեք արել, ապա դուք պարտավոր չեք փոխհատուցել: (Օրինակ՝ անզգուշաբար անցնելով, շուռ եք տվել դարակի ծայրին դրված գինու շիշը: Հետևեք, թե արդյո՞ք դարակի վրա կան հատուկ ելուստներ՝ ապրանքը ամուր պահելու համար, եթե՝ ոչ, ապա դուք մեղավոր չեք):
Երբ խանութի աշխատակիցները շարունակում են ձեզ պարտավորեցնել վճարել գումարը կամ միանգամից հայտվում է անվտանգության աշխատակիցը, ապա թույլ մի տվեք, որ աշխատակիցները Ձեզ վախեցնեն կամ սպառնան, քանի որ միայն դատարանը իրավունք ունի պարտավորեցնել ձեզ վճարել այս կամ այն ապրանքի համար: Նշեմ նաև, որ դուք պարտավոր չեք վճարել տեղում և միանգամից»,-մանրամասնեց Սյուզաննա Չիլինգարյանը: