Մեծն Սոկրատեսը ասել է՝ առողջությունը դեռ ամեն ինչ չէ, բայց ամեն ինչ ոչինչ է, եթե չկա առողջությունը:
Մարդու առողջության իրավունքը բացարձակ չէ, ուստի և այն չի կարող երաշխավորվել ամենուրեք և բոլոր հանգամանքներում:
Ուստի ՀՀ Սահմանադրությունը սահմանել է, որ յուրաքանչյուր ոք ունի օրենքով սահմանված եղանակներով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալու իրավունք: Դրանց ցանկը և մատուցման կարգը սահմանվում են օրենքով:
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առանձին տեսակների (որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից) փոխհատուցումն իրականացվում է համավճարի (մասնակի վճարման) սկզբունքով` տվյալ տեսակի համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության կողմից հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ) գների շրջանակներում: Համավճարի (մասնակի վճարումների) չափով պակասեցվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի համար պետության կողմից երաշխավորված ֆինանսավորումը: