Եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ապա հետաքրքիր կլիներ իրեն տեսնել դատավորի կարգավիճակում. Արամազդ Կիվիրյան

Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է փաստաբան Արամազդ Կիվիրյանը:

-Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը,  ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:

2017 թվականն առաջին հերթին առանձնացավ ընտրական գործընթացներով։

Առաջին հերթին ԱԺ ընտրական գործընթացով, որում մեծ ներդրում ունեցան հասարակական միավորումները, որոնց հաջողվել էր ընտրական գործընթացին ներգրավել մոտ չորս հազար դիտորդ, ովքեր դիտարկում էին ընտրական գործընթացը Հայաստանի ողջ տարածքով։ Բացի դրանից, ստեղծվել էր իրավաբանների խումբ, որն իրականացնում էր արձանագրված խախտումների իրավական ընթացակարգի ապահովումը։ Ընդ որում, տեղի ունեցող գործընթացներն ուղղված են եղել դիտորդների, դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների իրավունքների պաշտպանությանը, վերջիններիս կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ պատշաճ քննության իրականացմանը, ինչպես նաև Հայաստանում ընտրական ոլորտի ինքնին կայացմանը և զարգացմանը։ Ցավոք, պետք է նաև արձանագրել, որ այդ ոլորտում տիրող իրավիճակը չի գոհացնում, թե ընթացակարգային, այսինքն` օրենսդրական առումով, քանի որ առկա են բազմաթիվ խնդրահարույց հարցեր, որոնք պետք է օրենսդրական տեսանկյունից լրամշակվեն և կարգավորվեն, թե օրենսդրական ինքնին նորմերի կիրառելիության մասով։

Բացի դրանից, 2017 թվականին ՀՀ փաստաբանների պալատում տեղի ունեցան նախ պալատի խորհրդի, այնուհետև պալատի նախագահի ընտրություններ։ Այդ ընտրությունները, ցույց տվեցին, որ պալատում ընտրական գործընթացները վերահսկվում և կառավարվում են պալատի ներկայիս ղեկավարության կողմից և անցկացվում են բացառապես վարչական ռեսուրսների հաշվին։ Տեղի ունեցավ այսպես կոչված «ցուցակային» ընտրություն, որը չի կարող հանդիսանալ օբյեկտիվ ընտրությունների անցկացման գրավական։ Իսկ ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդի և ընտրված պալատի նախագահի որդեգրած քաղաքականությունը և հետագա քայլերը, ցույց տվեցին ընտրությունների արդյունքում ձևավորված մարմինների որակը, սկսած փաստաբանների նկատմամբ դատարաններում իրականացվող խուզարկությունների վերաբերյալ պալատի որդեգրած դիրքորոշումից, վերջացրած պալատի կողմից փաստաբանների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների հիման վրա իրականացվող գործողություններից։

-Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:

-Այս տարի իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետների մասով կարող եմ նշել փաստաբաններ Դիանա Գրիգորյանին և Հովհաննես Չամսարյանին, ովքեր փայլուն հաղթանակ արձանագրեցին ՀՀ փաստաբանների պալատի դեմ ներկայացված պահանջով, որը վերաբերում էր փաստաբան Մարատ Կոստանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումն անվավեր ճանաչելուն։ Ընդ որում, այդ գործի կարևորությունը կայանում է նրանում, որ մինչ այդ պալատի դեմ ներկայացած հայցերը արժանանում էին բացառապես մերժման և այդ գործով կայացված դատական ակտը կոտրեց գործող կարծրատիպը։ Միաժամանակ, ցանկանում եմ նաև պրոֆեսիոնալիզմի մասով առանձնացնել «Իրավունքի Եվրոպա Միավորում» հասարակական կազմակերպության ողջ անձնակազմին, այդ թվում փաստաբաններ Լուսինե Հակոբյանին, Տիգրան Եգորյանին, Գենյա Պետրոսյանին, Երանուհի Թումանյանցին, Նարինե Ռշտունուն, Դավիթ Գյուրջյանին, Էլինա Դանիելյանին, Արսեն Շահբազյանի և բազմաթիվ այլ մարդկանց, ովքեր իրենց մեծ ներդրումն ունեցան ընտրական իրավունքի զարգացման գործընթացում։ Այն աշխատանքը, որն իրականացրել և իրականացնում են իրենք այդ և բազմաթիվ այլ ոլորտներում, դա մեծ ներդրում է իրավունքի զարգացման գործում: 

-Հանդիեպե՞լ եք զավեշտալի դեպքերի (դատական գործերի,  դատական  կամ իրավական ակտեր):

-Զավեշտալի դատական գործերը և դատական ակտերն իրականում բազմաթիվ են, սակայն կոնկրետ գործերից կարող եմ առանձնացնել ընտանեկան մի գործ, որով դատարանը կայացրել էր դատական ակտ, երեխայի բնակության վայրը հոր բնակության վայրով սահմանելու վերաբերյալ, հիմքում դնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում օդի կեղտոտվածությունը, ինչպես նաև երեխայի մոր բնակության վայրի պատուհանագոգի ցածր լինելու փաստական հանգամանքները։ Նշված դատական ակտը հետագայում բեկանվեց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից և կայացվեց նոր դատական ակտ, որով ներկայացված պահանջը՝ երեխայի բնակության վայրը հոր բնակության վայրով սահմանելու վերաբերյալ, մերժվել է։

Զավեշտալի իրավական ակտերից կարող եմ առանձնացնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի նախաձեռնության հիման վրա ԴՆԽ-ի կայացված որոշումը, որով սահմանվեց դատարանի տարածք ներս բերելն արգելվող իրերի ցանկը, որոնց թվում էին ձկները, սողունները, միջատները և թռչունները, թիակները և այլն: 

-Այս տարվա ընթացքում ի՞նչը  Ձեզ ամենից շատ զարմացրեց Ձեր գործունեության ոլորտում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):

-ՀՀ վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանի կողմից կայացված դատական ակտը, որն իրականում առանձնանում է, թե իրավական մեկնաբանությամբ և պատճառաբանությամբ, թե ինքնին այդ գործով դատարանի վճռականությամբ։ Մասնավորապես, դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց ՀՀ ոստիկանության գործողությունները, արձանագրելով հավաքի ընթացքում հավաքի մասնակցի իրավունքների խախտում։ Այդ դատական ակտը, թերևս արդարադատության նկատմամբ հավատի հաստատումն է։

-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

-Եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ապա հետաքրքիր կլիներ իրեն տեսնել դատավորի կարգավիճակումմարդասիրությունից, բարությունից և ազնվությունից արդարադատությունը միայն կշահեր։

-Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

-Ամանորը նշելու եմ արտերկրում, իմ ընկերների և հարազատների հետ։

-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

-Անկեղծորեն ասած, շատ քիչ, ավելի շատ «սպառողի» դերում եմ։

-Ի՞նչ ակնկալիքներ կան 2018-ից:

-Որ Հայաստանը դառնա մեր երազանքների երկիրը և Սահմանադրությամբ ամրագրված իրավական պետություն հասկացությունը, համապատասխան հոդվածում սահմանվելուց բացի, կյանքի կոչվի իր ողջ ծավալով։

-Դուք, Ձեր երեխաները ի՞նչ եք խնդրել  Ձմեռ պապիկից:

-Ցավոք սրտի, դեռևս ամուսնացած չեմ և չունեմ երեխաներ, բայց հուսով եմ այդ բացը կլրացվի արդեն 2018 թվականին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել