Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը այսօր Կառավարության նիստում ներկայացրեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների մեղմացման միջոցառման մասին որոշման նախագիծը:
«Օգոստոսի 7-ին «Վեոլիա Ջուր»-ը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները վերանայելու հայտով, որով առաջարկվել էր այն սահմանել 194,3 տասնորդական դրամ՝ ներառյալ ԱԱՀ, որն էլ ս․թ․ դեկտեմբերի 10-ին ՀԾՔԿ-ի կողմից բավարարվել է 191,4 տասնորդական դրամի չափով»,-նշեց Արսեն Հարությունյանը։
Նրա խոսքով սակագնի բարձրացումը բաժանորդների մոտ լրացուցիչ բեռ չառաջացնելու համար առաջարկվում է օպերատորի կողմից վճարվող վարձավճարների հաշվին «Վեոլիա Ջուր»-ին տրամադրել սուբսիդիա՝ 2018-ի ընթացքում նախկին 180 դրամ սակագինը պահպանելու համար:
Նախագծի վերաբերյալ վարչապետը արձագանքեց. «Ճի՞շտ եմ հասկանում, որ մենք սուբսիդավորում ենք բոլոր սպառողներին» և Արսեն Հարությունյանը դրական պատասխան տվեց:
«Այս որոշումն ընդունում ենք, բայց հետագա նման գործողությունների ժամանակ մշակել կարգ, որով որ մենք սուբսիդավորենք միայն սոցիալապես խոցելի զանգվածին, ոչ թե տոտալ բոլորին, սա վերջին տարին է, որ մենք տոտալ բոլորին սուբսիադավորում ենք»,-ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: