Հարկային դաշտը շրջանցելու երկու խոշոր դեպք է բացահայտվել

Հարկային կարգապահության արդյունավետության բարձրացմանն ուղղված հսկողական միջոցառումներով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է բացահայտել ստվերային գործունեության դեպքեր: Մասնավորապես, օրերս ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ մինչև ավտոտրանսպորտային գործունեություն սկսելն ընկերությունը երթուղային 10 միկրոավտոբուսի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություն-հաշվարկ հարկային մարմին չի ներկայացրել, միաժամանակ` խախտելով նաև աշխատողների աշխատանքի ընդունումը գրավոր ձևակերպելու` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Իրականացված ստուգումների արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 3 մլն դրամ, իսկ տույժ-տուգանքներով՝  մոտ 3,5 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, այս տարի բեռնափոխադրող, ուղևորափոխադրող և տաքսի ծառայություն մատուցող հարկ վճարողների շրջանում նմանօրինակ խախտումներով արձանագրվել է շուրջ 250 մլն դրամի չափով բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումար:

  Ձեռնարկված միջոցառումներով հայտնաբերվել է հարկային դաշտը շրջանցելու ևս մեկ փորձ: Ստվերային գործունեության դեպքի բացահայտմամբ արձանագրվել է առանց ակցիզային դրոշմանիշերի ալկոհոլային խմիչքների իրացման փաստ: Պարզվել է նաև, որ ընկերությունում առկա խմբաքանակի համար ակցիզային դրոշմանիշերի ստացման որևէ հայտ հարկային մարմին չի ներկայացվել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: ՊԵԿ քննչական վարչությունում իրականացվում է նախաքննություն: Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքով առանց ակցիզային դրոշմանիշերի 50 000 դրամը գերազանցող ալկոհոլային խմիչքների իրացումը քրեորեն պատժելի է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել