Հոկտեմբերի 1-ից սոցիալական փաթեթի 25,628 շահառու բժշկական ծառայություններ են ստացել պետության կողմից ձեռք բերված առողջության ապահովագրության միջոցով: Նրանցից 1,742-ին մատուցվել է վիրահատական ծառայություն, այդ թվում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ սրտի վիրահատություններ։
Յուրաքանչյուր դեպքի նկատմամբ հսկողություն են իրականացնում նախարարության Պետական առողջապահական գործակալությունը և համապատասխան ապահովագրական ընկերությունը։ Այդպիսով ապահովվում է պետական բյուջեի միջոցների առավել նպատակային ու արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև բժշկական ծառայությունների ժամանակին և պատշաճ մատուցումը: Ստացված արձագանքները խոսում են դիմողների գոհունակության մասին։
Շահառուները նախարարության «թեժ գիծ» են դիմում հիմնականում տեղեկատվություն ստանալու համար. բժշկական ինչ ծառայություններ են տրամադրվում պայմանագրի շրջանակներում, որ հիվանդություններն են հանդիսանում բացառություն, ինչ հիմունքներով են իրականացվում հատուկ և դժվարամատչելի հետազոտությունները և այլն։
Առողջապահության նախարարության պաշտոնական էջում ստեղծված «Սոցիալական փաթեթ» դարանում` «Սոցիալական փաթեթ», կարելի է գտնել այս ծրագրին վերաբերող շատ հարցերի պատասխաններ։
Շահառուների իրազեկումը բարձրացնելու նպատակով պարբերաբար կներկայացնենք «թեժ գծին» տրվող հարցերի պատասխանները։
Նախարարությունը նաև ձեր ուշադրությանն է ներկայացնում սոցիալական փաթեթի շահառուներին տրամադրվող բժշկական ծառայությունները և բացառությունները։