Սոցիալական ձեռնարկատիրության վերաբերյալ իրավաբանական, հարկային և բիզնես խորհրդատվություն տրամադրվեց ՔՀԿ-ներին

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչներին ներկայացվեցին սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվելու վերաբերյալ իրավական, հարկային և բիզնես խորհրդատվություն՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացնող կոնսորցիումի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից։

Սոցիալական ձեռնարկատիրության հարցերին վերաբերող դասընթաց-աշխատաժողովը կազմակերպվել էր ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող մեկ այլ՝  «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի շրջանակներում։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց սոցիալական ձեռնարկատիրության կազմակերպման և իրականացման իրավական հիմքերը, «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքով և մի շարք այլ հարակից օրենքներով կատարված այնպիսի նորամուծությունները, որոնք ուղղակիորեն ազդում են կամ կարող են ազդել ձեռնարկատիրական  գործունեության վրա։

Մասնավորապես, «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքով ՀԿ-ները իրավունք ունեն իրենց կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնելու անմիջական ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինելու իրենց գույքը և գործունեության արդյունքները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծելու առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից:

Կարեն Զադոյանը նշեց, որ ՀԿ-ները պարտավոր են վարել ձեռնարկատիրական գործունեության առանձնացված հաշվառում՝ դրա վերաբերյալ տեղեկությունները ներառելով օրենքով նախատեսված հաշվետվություններում, իսկ ՀԿ-ների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթը օգտագործվում է միայն կազմակերպության կանոնադրական նպատակների ուղղությամբ և այն չի կարող բաշխվել ՀԿ-ների անդամների միջև:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավարը ուսուցման-աշխատաժողովի մասնակից ՀԿ-ների ներկայացուցուցիչների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ օրենով արգելվում է կամավորներին ներգրավել ՀԿ-ների ձեռնարկատիրական գործունեության մեջ։

Այնուհետև Կարեն Զադոյանը ներկայացրեց «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքով նախատեսված նորամուծությունները: Մասնավորապես, կարևոր է այն, որ լիազոր մարմինը ոչ թե արդարադատության նախարարությունն է, այլ պետեկամուտների կոմիտեին։ Մեկ այլ կարևոր նորամուծություններից է այն, որ իրավաբանական անձանց միությունները (ԻԱՄ) փաստացի վերանում են, և ներկայիս գործող ԻԱՄ-ների գրանցման/վերագրանցման հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել։

Կանոնակարգվել է նաև կամավորների ներգրավման հարցը։ Նրանց հետ պետք է կնքվեն կամավորական աշխատանքի մասին պայմանագրեր, որոնք սակայն աշխատանքային պայմանագրեր չեն և կամավորական աշխատանքը աշխատանքային ստաժ չի համարվելու։ Խնդրահարույց է մեկ այլ օրենքի նախագծով սահմանվող այն դրույթը, որ կազմակերպությունը կարող է իր աշխատակազմի անդամների 5 տոկոսի հարաբերակցությամբ կամավորներ ներգրավել։ Այսինքն, կազմակերպությունը պետք է առնվազն 20 աշխատակից ունենա, որ կարողանա մեկ կամավոր ներգրավել։

Դասընթացի մասնակիցները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին թե դասընթացին ներկայացված հարցերի, և թե «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումների վերաբերյալ։ Կարեն Զադոյանն իր խոսքում նշեց, որ ծրագրի աշխատակիցները պատրաստակամ են բոլոր ՔՀԿ ներկայացուցիչներին խորհրդատվության և աջակցություն ցուցաբեևրելու հարցում և տրամադրեց համապատասխան կոնտակտային տվյալներ։

Սոցիալական ձեռնարակտիրության հարկման և բիզնես գործունեության վերաբերյալ մի շարք նրբությունների ու խնդիրների մասին խոսեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կոնսորցիումի անդամ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը։

Նա նշեց, որ նոր օրենքի փոփոխությունից հետո բավականին բարդ է հասկանալը, թե որ եկամուտներն են համարվում ձեռնարկատիրությունից ստացված և հարկվում են, իսկ որ եկամուտները՝ ոչ։ Նրա խոսքով, այս հարցի վերաբերյալ նախնական պատասխան է ստացվել, որ ֆինանսների նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով, որին կարելի է դիմել, ներկայացնել համապատասխան փաստաթղթերը և ստանալ խորհրդատվություն այն մասին, թե կոնկրետ եկամուտների դեպքում հարկում կլինի, թե՝ ոչ։

Միևնույն ժամանակ՝ նա նշեց, որ բավականին բարդ է տարբեր գործունեություններից ստացվող եկամուտների հարկվող կամ չհարկվող լինելը։ Օրինակ, նույն տարածքում աշխատում է և ՀԿ-ն, և իրականցվում է ձեռնարկատիրական գործունեությունը։  Ինչպե՞ս է որոշվելու հոսանքի, գազի և մյուս այլ ծախսերը, թե դրանք կատարվել են ձեռնարկատիրության գործունեության, թե ՀԿ գործունեության համար։

Այս խնդիրները հաշվի առնելով, Հակոբ Ավագյանի խոսքով, դեռևս օպտիմալ տարբերակ կարող է համարվել այն, որ առանձին ՍՊ ընկերություն հիմնվի և դրա միջոցով իրականացվի ձեռնարակատիրական գործունեությունը՝ հարկային խնդիրներից խուսափելու համար։

Ելույթից հետո Հակոբ Ավագյանը պատասխանեց մասնակիցների մի շարք հարցերին և բիզնես խորհրդատավություն տրամադրեց։

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել